Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Կամ չոքիս ջանիս, հոգիս հանես
Կիսամեռ չանես,
Ինչ կուզե անես, թեկուզ սպանես,
Իմ ճարը դուն ես...

— Կեցցե՜ Նախշունյանցը, մեր ազգային երգիչը,— բղավեցին պատանիքը վերջացնելով պարոն Նախշունյանցի մուխամբազը և կոնծեցին նրա կենացը։

— Մա՛նվել, քու կենացը, Մա՛նվել,— ասաց Օսանան,— աստված քեզ էդպես ուրախ պահի միշտ։ Արություն ջան, զորանաս։ Ձեր երկուսի կենացը, աստված ձեր սերն անխզելի ու հաստատ պահե, թագներիդ արժանի ըլիք, թշնամու սրտով չըլիք, մուրազներիդ հասնեք։ Ա՛ստվածատուր, Հո՛ռոմսիմ...

— Վայելե, ինձ տուր,— պատասխանեց Հոռոմսիմը։

— Ա՛ստվածատուր, Ա՛ստվածատուր,— բղավեց Մանվելը։— Նախշունյանցի անունը մոռացել էի, հիմի Աստվածատուր ասացին, միտս ընկավ։ Արություն, էդ Աստվածատուրի տաղանդն էլ է աստվածատուր, դրա չափ խաղեր, ով գիտե՝ ոչ մի աշըղ ասած չըլի․․․

— Ես տեսել եմ դրա խաղերի դավթարները, դիփ էլ կարդացել եմ։ Դա մի զարմանալի մարդ է, ուրիշ աշըղների պես թուրքերեն չի ասում, դրա բոլոր խաղերը հայերեն են, բայց ձևն էլի թուրքերենի է։ Միևնույն ավալ֊ախըրը, դիլ-թարփանմազը, դոդաղ-դագմազը։

— Բայց էդ ի՞նչ տեսակ խաղեր են, էդ որ ասում ես..․ Ի՞նչ ասեցի՞ր...

— Ավալ-ախըր։

— Հա՛, հա՛, ավալ-ախըր... դրանք ի՞նչ բաներ են, մեկ մեզ հասկացրու։ Օսանա, Հոռոմսիմ, ականջ դրեք, ականջ դրեք, Արությունը պիտի մեզ աշրղների ճարտասանությունը սովրեցնե։ Դե մեկ ասա՛, Արություն, տեսնենք էդ ի՞նչ բաներ են։

Ավալ-ախըր բառը թուրքերեն է, կնշանակե սկզբնավերջ․ էսպես խաղի բոլոր տողերի սկզբի ու վերջի տառը միևնույնը պետք է լինի։ Օրինակ՝