Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5

Աղայանի գեղարվեստական արձակի երկրորդ նշանակալից գործը նրա «Երկու քույր» վիպակն է՝ գրված 1872 թ. Ալեքսանդրապոլում և հրատարակված Թբիլիսիում նույն թվականին: Հեղինակը, ի տարբերություն նախորդ վեպի, «Երկու քույրը» համարում է իր «առաջին նկարչական (այսինքն՝ գեղարվեստական, Ա. Ա.) ամբողջություն» ունեցող երկը, այն առումով, որ մինչդեռ «Արություն և Մանվել»-ում հերոսների կյանքի ընթացքը կարող է շարունակվել վիպագրական նորանոր դրվագներով, պատմական իրականության համապատասխան ֆոնի վրա, «Երկու քույր»-ի բովանդակությունը՝ նրա բոլոր հիմնական հերոսների ողբերգական վախճանով իսկ շրջափակվում է: Իր այս երկրորդ վիպական ստեղծագործությամբ Աղայանը մի նոր քայլ է կատարում հայ քննադատական ռեալիզմի պատմության մեջ: «Երկու քույրը» 70-ական թվականների հայ վիպագրության ամենանշանակալից երկն է, մանավանդ իր գաղափարական բովանդակությամբ, տվյալ ժամանակաշրջանի անդրկովկասյան իրականության հիմնական սոցիալական կոնֆլիկտի գեղարվեստական պատկերման առումով:

Աղայանի այս երկն անդրկովկասյան գյուղի հետռեֆորմյան ժամանակաշրջանի սոցիալական հարաբերությունների գեղարվեստական անդրադարձումն է, հողի համար աշխատավոր գյուղացիության տարերային պայքարի առաջին արձագանքը հայ գրականության մեջ՝ 70-ական թվականների սկզբին, երբ հայ գրողներին առավելապես զբաղեցնում էին պատմական անցյալի և կամ ժամանակակից ազգային ազատագրական պայքարի թեմաները:

«Երկու քույր» վեպի սյուժեի առանձնահատկությունն այն է, որ այստեղ Աղայանն իր հերոսների անձնական երջանկության խափանումը պատկերել է նրանց սոցիալական ճնշված վիճակի և տարերային պայքարի հետ սերտորեն կապված:

Պռոշյանի վեպում Նալբանդյանի նկատած «կենարար սկեպտիցիզմի»՝ աշխատավոր գյուղացիության «դառը բողոքի» ձայնը շատ ավելի ուժգին հնչում է Ղ. Աղայանի «Երկու քույր» վեպում: Մինչդեռ «Սոս և Վարդիթեր»-ում, ինչպես նշել է Նալբանդյանը, «նոր ժամանակների որդու» ձայնը «շատ քիչ հանդես ունի», թույլ է հնչում, և այն էլ՝ «միայն գիշերով, ծածուկ, խորհրդական առանձնության մեջ, երբ ոչ ոք չէր լսում նրան», ապա՝ «Երկու քույր» վեպում ոչ միայն բողոքի ու ցասման ձայն է լսվում, այլև սոցիալական դասակարգային կռվի աղաղակ: Հանձին Արզումանի, հայ գրականության մեջ սոցիալական արդարության պահանջով առաջին անգամ հանդես է գալիս զինավառ ապստամբ հայ գյուղացին, որը թեև դեռ հրացան չի կրակում վայրագ հարստահարողների դեմ, բայց սառը զենքով իր սոցիալական վրեժն է լուծում նրանից:

Ճիշտ է, Աղայանի վեպը վերջանում է աշխատավոր ժողովրդի սոցիալական բողոքն ու ցասումը մարմնավորող հերոսների (Արզուման, Հերիքնազ) եղերական վախճանով, բայց վիպակի գաղափարական բովանդակության մեջ շեշտված կերպով արտահայտվում է գյուղացիության սոցիալական