Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Բայց մեյդանում նա խաղում է,
Ջրիդ ասված հաստ մահակը
Ձեռի միջին դողդողում է։
Այս խաղումը նա փոխվում է,
Կարմրում է ու սփրթնում,
Իր հրաբուխ թուխ աչքերը
Չորս կողմն է նա ձըգձըգում.
Հանդեպինը թե պարսիկ է,
Վառված քաջի որսն է այն,
Ո՞վ կարող է սանձել հային,
Թե նա կամի ցույց տալ իրան։

— Կեցցե՜ն քաջազունք հայոց,— բղավեց Մանվելը իր ձայնի բոլոր ուժովը...

— Ա՛ տղա Մանվել, կամաց բղավի, թե չէ՝ հենց կիմանան թե տունը կրակ է ընկել․․․

— Ի՞նչ եք ասում,— պատասխանեց Մանվելը.— «Ո՜վ կարող է սանձել հային, թե նա կամի ցույց տալ իրան»։ Ախր մեկ էդպես բարձրացրո՛ւ, գովի՛ր մեր քաջերին, որ հոգիս փառավորվի, սիրտս ուրախանա, ախորժակս բաց ըլի, մեր քաջերի կենացը կոնծեմ,— ասաց Մանվելը և մի բաժակ գինի դատարկելով՝ սկսեց երգել․

Երկինք զվարթ ակնարկեն,
Նահապետն ի սիրտ ցնծա.
Զանձն աստուծո ի նըվեր,
Յար ու կենոք ճոխանա.
Աստվածապաշտն ի հասպարեզ,
Գոռոզն ինքնին կորանա...

— Սպասիր, սպասիր, Մա՛նվել, ես դեռ չեմ վերջացրել,— ասաց Արությունը և շարունակեց իր ոտանավորը․

Հայի լեզուն շատ ճարտար է,
Նրա երգերն անհամար են,
Բայց իր տաղանդն ու հանճարը
Դժբախտ կյանքին հավասար են․
Թե երգում է նա դիվանի,
Ավայ-ախըր, կամ հասարակ,