Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասել է իր տան մոտ, ուզեցել է թե վեր դնի, դուռը կպել է մեջքիցը, էլ չի գջըլվել․․․․Թուրքը լացով, արտասուքով ետ է տարել, էլ ետ տեղը դրել, խունկ ու մոմ վառել, մատաղ արել, որ էլ ուրիշ մի վնաս չլինի իրան։ Էդ թուրքը մինչև հիմի էլ ս․ Գեորգի ղուլն է․․․

— Էնդուր են թուրքերը դրան «դալի խաչ» ասում, է՜...— ասաց մի ուրիշը։

— Էդ միևնույն հրաշքը Ղազախու Կոթի գեղի սուրբ Սարգսի համար էլ են պատմում, էլի ուրիշ շատ սուրբերի համար էլ. սրանից երևում է, որ դա մի հնարովի բան է,— ասաց Արությունը մաղձոտված,— բայց դու էնպես ես պատմում, որ լսողը հենց կիմանա, թե դու աչքովդ տեսել ես թուրքին էլ, դուռն էլ։ Բավական չէ, որ սուտ ասված բաներին հավատում եք, ինքներդ էլ նոր-նոր սուտեր եք ստեղծում․ ի՞նչ խաչ պիտի լինի որ ձեր սուտերին հավանի, թեկուզ էդ սուտերը նրա օգտի համար լինին ասված։ Ուղիղն ասացեք, սուրբ Գեորգին եք շատ սիրո՞ւմ, թե՞ սուրբ և քաջ Վարդանին, որ հայոց ազգի ու կրոնի համար Ավարայրի դաշտը ողողել է իր արյունով...

— Էդ ի՞նչ Վարդան է, մենք դրա անումը չենք էլ լսել։ Թե որ դա էլ սուրբ Գեորգի նման զորավոր սուրբ է, բա ինչի՞ նրա համար էլ չեն մի եկեղեցի շինել...

— Տո՛, Վարդանս ո՞րն է, ի՞նչ եք ասում,— հարձակվեց մյուս կողմից մի ավելի ջերմեռանդ սրբապաշտ...— Սուրբ Գեորգի հատը ո՞րտեղ կլինի, մեռնեմ նրա ողորմութենին, իմ երեսս նրա ոտի տակը։ Ե-րե՛ք-հա՜-րյո՜ւր-երեք-քսան ու ե-րե՜ք մասունք ունի․ արարած աշխարհքիս ամեն կողմում նրա զորությունը, նրա հրաշքը տարածված է. ո՞ր Վարդանը կամ Կիրակոսը կարող է նրան հավասարվել...

Արությունը, որ Վարդանի մոլեռանդ կողմնակիցն էր, սաստիկ բարկացավ, որ իր պաշտած սուրբին չճանաչելով՝ արհամարհում են։ Նա չէր զգում և չէր երևակայում, որ ինքն ևս նրանց չափ մոլեռանդ է, տարբերությունը պաշտելի առարկաների մեջն էր միայն։ Նրա հակառակորդները ևս համոզված էին, որ ճշմարտությունն իրանց կողմն է։ Այդքան