Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգեբան չէր Արությունը, ուստի ավելի ևս կատաղի կերպով սկսեց բանակռվել նրանց հետ՝ ասելով։

— Գիտե՞ք ինչ կա. համարձակություն չլինի, ուզում եմ ձեր երեսներին մի քանի ցուրտ խոսք կպցնեմ։ Դուք մի Այսմավուրք եք կարդացել, ես էդ վաղուց եմ անգիր արել. էնպես պուճախներ կգցեմ, որ կմնաք «և և» անելիս։ Ասած է, «թե խաչն իմն է, զորությունը ե՛ս եմ գիտում»։ Սուրբ Գեորգին ես լավ եմ ճանաչում, քան թե դուք։ Մի մարդի գլուխ ցավում է, գալիս է ուխտ. թե որ մի քանի օրից հետո դադարում է, ասում են խաչը փրկեց, թեպետ առանց նրան էլ պիտի դադարեր, բայց եթե չի դադարում, ասում են՝ ուրիշ խաչից է, սուրբ Գեորգն ուրիշ խաչերի գործում չի ուզում խառնվիլ։ Հետո գնում են մի պառավի գարի գցել տալիս, որ իմանան թե ո՞ր խաչից է։ Պառավը որ նրանց Հնդստան ուղարկի, նրանք՝ ճարը կտրած՝ պիտի գնան, բայց նա էլի էնքան խղճմտանք ունի, որ էդպես հեռու տեղեր չի ուղարկում․․․ Ձեր քաղքցիք գալիս են էստեղ ուխտ, պատահում է, որ փուրգոնը շուռ է գալիս, բոլոր միջի ուխտավորներին ջարդում, կոտրատում, իսկ եթե ոչ՝ դրանից ավելի վատթար բան է պատահում։ Բորչալուի ղաչաղ ավազակները հարբած ուխտավորների ճանապարհը կտրում են, թալանում, կողոպտում, կնիկը մարդի ձեռիցը խլում, «շհար գյոզալի» ասելով իրանց խաղն սկսում, մարդին թրատում, ջլատում... Բա ինչի՞ ձեր սուրբ Գեորգը չի ազատում։

— Էնդուր չի ազատում, որ ինքն է լինում ուղարկած էն գողերին, որ նրանց պատժե, որովհետև նրանք էլ քեզ պես բարկացրած կլինին խաչին, ուղիղ սրտով չեն ըլիլ գնացած նրա տակը, կամ իրանց սուրբ չեն ըլիլ պահած. ինչևիցե մի հանցանք կըլին գործած, դրա համար էլ խաչը նրանց պատժած կըլի, որ մյուս անգամ վատ բան չանեն։

— Ուրեմն էն գողերին որ բռնելու լինին, էլ չեն կարող պատժել, նրանք կարող են ասել մենք մեղավոր չենք, մեզ սուրբ Գեորգն էր հրամայել, բայց դատավորը ձեզ պես անխելք չէ. նա կասի, որ սուրբ Գեորգն ավազակապետ չէ, նա սուրբ մարդ է, նա աշխարհի բաների հետ գործ չունի, միայն