Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխը ճղվեց, որի քիթը ջարդվեց։ Լավ էր, որ Արությունն այդտեղ չէր, եթե ոչ՝ մի լավ ծեծ կուտեր...

Արությունը՝ իր փոքրիկ ծրարը ձեռքին՝ ոտով ճանապարհ ընկավ դեպի ս. Գեորգ, ուր և հասավ երեկոյին։ Արդեն բոլոր հեռավոր և մոտավոր ուխտավորները, հայերը, վրացիքը, հույները և թուրքերը միասին խառնված կազմել էին մի խուռն բազմություն։ Երևում էին բազմաթիվ վրաններ, փուրգոններ, տարանտասներ, սայլեր, ձիաներ, փալանած եզներ, մատաղ անելու համար հոտերով ոչխարներ, գինով լիքը տակառներ, տկեր, մեշոկներով, չվալներով, թաբախներով, կթոցներով մրգեղեններ...

Քիչ-քիչ մութը վրա հասավ, կրակները, խարույկները վառվեցան բարձր ալիքներով և օդասլաց հրետներն սկսեցին մինը քան զմյուսն ավելի բարձրանալ և մթնոլորտը զարդարել նորատեսակ վայր ընկնող աստղերով։ Ժամկոչը, որ տարին մի անգամ է միայն երևում այստեղ իր զանգակի հետ միասին, հնչեցնում էր անընդհատ եկեղեցու քաղցրաձայն զանգակը, որ մեծ տպավորություն էր գործում ուխտավորների այն մեծ մասի վրա, որոնք միշտ անտառներում մեծանալով՝ զանգակի ձայն տարիներով չեն լսում...

Մյուս օրը՝ շաբաթ առավոտը՝ որ նոյեմբերի տասն էր լուսանում, ամբողջ բլրակը շաղախվել էր մատաղի արյունով, էլ ոտք գնելու տեղ չկար։ Համբուրողները մի օձապտույտ կեռումեռ ճանապարհով վերև ու ներքև էին անում՝ անդադար իրար սեղմելով։ Տերտերները չէին կարողանում «Փարատյա զցավս» և «պահպանիչ» հասցնել, մնացել էին քրտնքի մեջ կորած։ Խեղճ կարգավորները կարծես երեք մանկանց դերերը լինեին կատարում ս․ Գեորգի փոքրիկ մատուռաձև շինության մեջ, որի ներսի պատերին անհամար մոմեր վառելով՝ վերափոխել էին մի բաբելոնյան հնոցի։ Եկեղեցու մեջ սուգ ու շիվան էին անում ջերմեռանդ ուխտավորները իրանց աղերսալի մաղթանքներով, որ բարձրաձայն խնդրում էին սուրբ Գեորգից, իսկ դուրսը միևնույն ուխտավորները մեծ ուրախության և զվարճության մեջ էին։ Խնդում, ծիծաղ, հրհռոց, քրքջոց, գգվանք, պաչպչոց... Մեկ տեղ կպչում էին ըմբիշները, մյուս