Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարերային պայքարն ընդդեմ կալվածատիրական ճնշման ու շահագործման, և ընդդեմ ցարական կարգերի:

Արզումանի և Ճաղարանց Թաթոսի միջև եղած սոցիալական-դասակարգային կոնֆլիկտը բարդանում ու սրվում է նաև Արզումանի անձնական երջանկությանն սպառնացող վտանգի մոմենտով:

Վեպի Ա մասի Ժ գլխում Մարիամը Հերիքնազին հայտնում է, թե՝ «Ճաղարանց Թաթոսը մտքումը դրել է» Հերիքնազին «իր տղայի համար ուզի»: Ուրեմն Արզումանի անձնական երջանկությունն էլ վտանգված էր նույն հիմնական՝ սոցիալական պատճառներով:

Արզումանի կերպարի մեջ բացահայտված է նաև նրա բարոյական մաքրությունը, ազնվությունն ու նվիրվածությունը: Արզումանն անկեղծորեն սիրում է Հերիքնազին և ոչ մի վտանգի առաջ կանգ չի առնում իր սիրած աղջկան հանդիպելու համար, նույնիսկ հանդում պատահած արյունալի դեպքից հետո, երբ նրան ամեն րոպե սպառնում էր բռնվելու և Սիբիր աքսորվելու վտանգը: Մարիամն Արզումանի մասին ասում է, թե՝ «նա լավ սրտի տեր է»: Փախստականի, իշխանությունից հալածվածի իր անապահով ու վտանգալից դրության մեջ անգամ՝ Արզումանն իրեն երջանիկ է զգում Հերիքնազի սիրով:

Այդպես պատկերելով իր գլխավոր հերոսին, Աղայանը, սակայն, նրան չի համարում եզակի բացառություն: Արզումանը գյուղի քաջ ու անվեհեր, իրենց «չքավոր տեղովը՝ հարուստ ու կարող մարդու շլինք չծռող» երիտասարդներից մեկն է միայն: Ուշագրավ է, որ Արզումանն իր բնավորության հիմնական գծերը ժառանգել է հորից: Բայց նա ունեցել է նաև յոթ եղբայր, որոնք բոլորն էլ իրենց հոր արժանավոր զավակներն են եղել: Նրանք «բոլորեքյան քսան-քսաներկու տարեկան ժամանակն էին մեռել և... բայց... ոչ մեկը իր բնական մահով... երեքը բանտումն էին մեռել և երեքն՝ աքսորավայրում, և այս՝ իրենց անվեհեր ու ազնիվ սիրտ ունենալու համար միայն»:

Աշխատավոր գյուղացիության ճնշված վիճակի, նրա տարերային ապստամբական տրամադրությունների տիպական արտահայտիչը հանդիսացող Արզումանը հակադրված է Ճաղարանց Թաթոսին: Իսկ վերջինիս նկատմամբ ժողովրդի ատելության ցայտուն պատկերը, հեղինակը տալիս է «Միջանկյալ պատմություն (ով ուզենա, կարող է չկարդալ)» վերնագրով գլխում, որը վեպի գաղափարական բովանդակությունը խտացնող ամենակարևոր հատվածն է. այստեղ Ճաղարանց Թաթոսը ներկայացվում է իր անցյալով, որպես աշխատավոր գյուղացիության արյունարբու շահագործողի:

Սարգիս բիձայի հիշողություններով հեղինակը պատկերում է նաև անդրկովկասյան գյուղի սոցիալ-տնտեսական շերտավորման, գյուղացիների հողազրկման ու աղքատացման ընթացքը հետռեֆորմյան շրջանում: Սոցիալական-դասակարգային բևեռացման տիպական ներկայացուցիչներ են՝ մի կողմից Ճաղարանց Թաթոսը, մյուս կողմից՝ Արզումանն ու Հերիքնազը:

Հեղինակն իր դրական հերոսների հոգեկան կերպարի մեջ բացահայտում է նաև նրանց սոցիալական ինքնագիտակցության արթնացումը, որն արտահայտվում է թավադների նկատմամբ նրանց տածած ատելությամբ: