Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վար տեու ա՛նըմ ըս», վետանը տակըն ա քցում, թակո՜ւմ, կուտրատո՜ւմ, թա՝ «լյուզիտ կըտրե՛»... (արտասվում է)։

— Լա՛վ ա, լա՛վ ա, լա՛ց մինիլ, ազի ջան, ես լավ տղա կտառնամ, քեզ կտանեմ քաղաք... Ա՜խ... սրտումս շա՜տ մուրազ կա... Մին քեզ տսնի մե հետ դինջ նստած, էն վախտը վար մռնի, էլ սրտումս դարդ չար ընիլ... Ամմա հո՞ւնց անիմ մըհեգ, հյո՞ւր ասեմ, թո՞րը կորչիմ... (արտասվում է)...

— Ես քու ցավը տանեմ, ա՛ Թյուն ջան. լա՛ց մինիլ, քը մատաղ ընիմ, լաց մինիլ... Վա՛խել մի, քը մատաղ ընիմ, տեու քու մուրազեն կհասնես, հալա ջահիլ ըս... Տեու ինձ հետե դա՛րդ միր անել, քը մատաղ... Ես էս ա պըռավալ ըմ, էքուց ալյոր կմեռնեմ,,. Տեու վար իմ ըրիսին մին հափուռ հող քցիս, էն ինձ բոլ ա․․․ Լա՛ց մինիլ, ցա՛վըտ տանեմ, լա՛ց մինիլ․․․ (տիրում է լռություն)։


ՄԱՐԴԱԳԵԼ
(Հինը և նորը)

Մայրական սերը ամեն մի զգացող մարդի հայտնի է։ Արությունը գլուխը դրավ իր մոր գոգումն ու լռեց։ Մայրը՝ գթառատության արտասուքն աչքերին՝ սկսեց շփել որդու գլուխը, որով մի քաղցր քուն բերավ նրա վրա։ Սայլն էլ օրորոցի պաշտոն էր կատարում երեխայացած Արությունի համար և անընդհատ օրորում էր, մինչև հասան տուն, որ շատ հեռու չէր։

Արությունը վայր իջավ սայլից, համբուրեց հոր ձեռքը։ Հայրը շատ ուրախացավ, բայց սանձելով իր ներքին հուզմունքը, «աստված պահե քեզ, որդի», ասաց նա վարդապետի ոճով, որովհետև համբուրելու սովորություն չուներ, այդ մեղք էր համարում նա։

Արությունը մնաց գյուղումը։ Երեք օրից հետո նա այլևս հյուր չէր։ Այն փաղաքշանքը, որ նա վայելեց իր հորից, մի րոպեական զվարճություն էր, չէր կարող երկար տևել։ Նրան