Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարկավոր էր, ինչպես տան մեկ անդամի, որևիցե կերպով օգտակար լինել, որ իր կերածը կորած չհամարվեր։ Նրա անելիքը շատ ծանր չէին լինելու. պետք է գոմը քերեր, ձին տաներ ջուրը, տավարին դարման տար, փայտը կտրտեր։ Այս կատարեց նա։ Հետո հարկադրվեցավ գնալ այգին մշակել, անտառից փայտ բերել, շինության համար՝ գերան, քար, ջուր։ Բայց ուր որ գնում էր, ինչ որ անում էր, առանց մի վնասի չէր վերադառնում, կամ ձեռքն էր կտրած լինում, կամ ոտքը ցավցրած, երեսը չանգռած, մի բան կորցրած, սայլը շուռ բերած կամ կոտրած, եզը կամ գոմեշը փախցրած կամ կորցրած։ Սկզբումը հայրը չէր բարկանում այս անհաջող հանգամանքների վրա, ասում էր՝ «դեռ խամ աչառ է, եզը կդառնա», բայց տեսնելով՝ որ հետզհետե վնասներ ավելի է բերում, առածը փոխեց, ասելով՝ «Մինչև աչառը եզ կդառնա, տերը խոզ կդառնա»։ Ուստի մտածեց վերջ դնել այս դժբախտությանը՝ նոր ինորո խրատելով Արությունին Խիկարի խրատներով, հանդիմանությունով, նախատինքով, վերջապես սուր-սուր մասալներով ու կատակով։ Բայց Ավետիքի կրթության այս ձևը ոչ միայն չուղղեց Արությունին, այլ ընդհակառակն՝ ավելի ևս գրգռեց նրա ինքնասիրությունը։ Նա տեսավ, որ ոչ ոք իրան խելոք չի համարում, ինքնապաշտպանության դիրք բռնեց, սկսեց ինքն իրան գովել, իրան խելոք համարել, իսկ բոլոր մնացածներին՝ մանավանդ իր հորը՝ անխելք և հիմար։ Այս մի անակնկալ հարված էր, մի սաստիկ զարկ, որ չէր կարող տանել ոչ մի հայր, ուր մնաց թե Ավետիքը։

— Սա իմ տղան չէ,— ասաց Ավետիքն իր կնոջը։

— Թե որ քո տղան չէ,— ասաց կինը այնպիսի մի ձայնով, որ ազատ չէր երկյուղի ազդեցությունից,— թե որ քո տղան չէ՜, հապա ինչո՞ւ է քեզ նման անկոտրում, քեզ նման իր ասածի...

— Դրա մեղավորը դու ես, դու գովում ես իրան, նա էլ երես է առնում, էլ հետը խոսել չի լինում։

— Ինչո՞ւ չեմ գովիլ, աչքումս մազ է բսել, մինչև նա մեկ սև ու սպիտակ է սովորել, ո՞վ է նրանից ուսումով, նրանից շնորհքով։