Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մեկ դու ես շնորհքով, մեկ էլ նա։ Մի երկու տավար է տանում հանդ, կեսն է ետ բերում. էդ չէ՞ դրա շնորհքը...

— Թե որ ուզում էիր տավարած շինես, էլ ո՞ւր էիր կարդացնել տալիս, ո՞վ է անում իր չսիրած բանը, որ նա անի. նրա ուշքն ու միտքը իր գրի, իր ուսումի վրա է, ուրիշ ոչ մի բան նրա աչքին չի երևում, շատերն են ուզում, որ նրա պես որդի ունենան, բայց աստված նրանց թողած՝ քեզ է տվել.․․․

—Ինչի՞, ես ի՞նչ եմ արել նրան. աչքը հո չեմ հանել, ինչքան կարողացել եմ, ուսում եմ տվել, էլ ի՞նչ է ուզում ինձանից։

— Էն է ուզում, որ ասում է, ես իմ կարդալս, իմ ուսումս դեռ չեմ վերջացրել, ինձ օգնեցեք, ասում է, մինչև ես իմ ուսումս ավարտեմ...

— Ա՛ կնիկ, քո խելքն էլ էնքան է կտրում, ինչքան նրանը։ Ուսումը կավարտվի՞, ի՞նչ ես խոսում։ Ուսումը որ կա, մի ծով է, ոչով չի կարող նրան հատացնիլ. ամեն մարդ ինչ աման որ ունի, էնքան կհանի նրանից։ Հիմա դրա ամանը որ լցվել է, ես ի՞նչ մեղավոր եմ. թող մեծ աման էր ունեցել, մեծ ուսում էլ կստանար։ Վերջապես ես աղա չեմ, փողատեր չեմ, ինչքան իմ կարողությունս ինձ թույլ է տվել, ես էլ իմ որդուն էնքան եմ ուսում տվել, ավելի կարողություն չունիմ։ Մեր գեղումը ո՞ր հայրն է՝ ինձ չափ չասեմ՝ իմ կիսի չափ ուսում տվել իր որդուն...

— Դու որ ուզենաս, դեռ էլի կարող ես օգնել, նրա մի տարվա հացն ու շորն ի՞նչ է, որ չտաս։ Նա ասում է՝ «Իմ ընկերները ժամանակով մարդիկ կդառնան, բայց ես որ ձեզ մոտ մնամ, ի՞նչ պիտի դառնամ։ Էշն, ասում է, որ իշի կշտին կապես»...

— Ի՞նչ, ի՞նչ...

— Ի՞նչ պիտի ըլի... դու էնքան ասել ես, որ նա էլ սովորել է...

— Ես ի՞նչ եմ սովրեցրել...

— Քո մասալները...

— Ես ցույց կտամ դրան իմ մասալների զորությունը...

— Աստվածդ կսիրես, ա՛յ մարդ, երեխիս չգժվացնես. նա