Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանց էդ էլ գժված է, էլ ոչ մեծ է հարցնում, ոչ պստիկ, ամենքին էլ անպատիվ է անում...

Արությունը՝ տեսնելով որ իր հորից օգնություն չի ստանալու՝ ուզեց իր տրտմությանը մասնակից անել Մանվելին։ Մինչդեռ այր ու կին վիճում էին նրա մասին, նա քաշվել էր հյուրասենյակը և գրում էր Մանվելին հետևյալ նամակը —


Մանվել,
հոգեկիցդ իմ,

Չգիտեմ դու հիմա ի՞նչ տեղ ես արդյոք և ի՞նչ վիճակի մեջ, բայց ես այս նամակն ուղարկում եմ ձեր գյուղը, որ ուր էլ որ լինիս, քեզ հասցնեն։

Աչքդ լո՛ւյս, Մանվե՛լ, ես հիմա գիժ եմ։ Այսպես են համարում ինձ այժմ ամենքը։ Եթե մի քանիսն էլ, և այն երբեմն, իմ ասածի մեջ խելք են նշմարում, ասում են՝ «Գժից ուղիղ համբավ»։ Ասենք սա մի անպատվություն չէ, այլ ընդհակառակն՝ այնքան մեծ է այս պատիվը, որին ես դեռ չեմ արժանացել։ Բայց այսուամենայնիվ իմ մանկության օրորոցը, իմ փայփայած ու գգված ծննդարանը այժմ ինձ թվում է մի դժոխք, ուր՝ ինչպես ասած է ավետարանի մեջ՝ աղվեսների համար որջ կա, թռչունների համար բույն, բայց մարդու որդու համար գլուխ դնելու տեղ չկա։ Հիմարություն, կոպտություն, ծուլություն, ընչաքաղցություն և, որ մայրն է ամենայն չարյաց, կեղտոտություն և, էլի կասեմ, կեղտոտությո՜ւն, անտանելի, անմերձենալի կեղտոտությո՛ւն, անմաքրությո՜ւն, կեղտոտությո՜ւն...

Իրանց գոմերի առջև հազար տարվան թրիք կա կույտված, չեն տանում իրանց այգիքն ու արտատեղերն ածում, որով թե՛ իրանց հողերը կբարվոքեն և թե իրանց տները կազատեն մահահոտությունից, որ իրանց այնքան զգալի չէ, սովոր լինելով այդ հոտին։ Ոչ մի տղամարդ կամ կնիկարմատ չկա, որ երկու շապիկ ունենա, շապկաընկեր հո — շատերը մեկն էլ