Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չեն ունենում։ Շատ անգամ տեսնում ես սրա կամ նրա կուրծքը աղլուխով ծածկված. այդ նշան է, որ ժրաջան տանտիկինը իր կամ մարդու շապիկը նույն օրը բարեհաճել է լվանալ։ Այդ էլ իհարկե զատկից զատիկ կլինի կամ շա՜տ-շա՜տ՝ հինգ նավակատիքներին... Բայց թափ են տալիս թոնդրումը ամիսը մեկ կամ երկու անգամ... Ո՜հ, որ միտս եմ բերում, գլխիս ցավը բռնում է... Ահա այս մաքրասեր իմաստուններն են, որ ինձ գիժ են համարում, որովհետև համարձակում եմ ասել, որ ոջիլն աստված չի ստեղծել, այլ դուք եք ստեղծում ձեր անմաքրությունովը... Դու լավ գիտես, որ մեզանում փոքրերն իրավունք չունին մեծերին ընդդիմախոսելու... Մեզանում չկա «ներեցեք», որովհետև դա մարդավարության կվերաբերի, որի անունը դեռ լսած չեն մերոնք։ Անեծք, հայհոյանք... Անլուր հայհոյանքների մեջ մտնում է և արարողը և նրա ամենայն արարածը։ Կռիվը կատարվում է դագանակով, սրով և հրացանով։ Չարակամությունը սահման չունի, ոխակալությունը ժառանգական է, պիտի շարունակվի որդոց որդի։ Սեր կա՝ անասնական, բարեկամություն՝ խաբեբայական, խնդակցություն՝ րոպեական, գթություն՝ բռնակալական, եղբայրություն՝ կայենական, հայրություն՝ գազանական... Ո՛չ, ես այստեղ չեմ կարող մնալ...

Մի հատիկ հոգի, որ այստեղ ինձ մխիթարում է՝ այդ իմ մայրս է։ Մայրս Ռեբեկայի վիճակումն է։ Ինչպես Ռեբեկան իր որդի Հակոբին միշտ պաշտպանում էր հոր ատելությունից, այսպես էլ իմ մայրս պատրաստ է իր կյանքը զոհել ինձ համար։ Նրա սերը դեպի ինձ այնքան մեծ է, որ՝ չնայած իր կանխակալ կարծիքներին՝ հավատում է իմ բոլոր ասածներին և հոգվով չափ փառավորվում, որ ինձ նման իմաստուն որդի ունի։ «Մի՛ վախենար, սիրտ է տալիս ինձ մայրս, աստված քեզ հետ կլինի միշտ, նա քեզ չի կորցնիլ, եթե դու նրա փեշիցը պինդ բռնես։ Միտդ բեր Հակոբին, Հովսեփին, Մովսեսին. դու հո գիտես՝ աստված նրանց ինչպես առաջնորդեց»... Հետո ես ասում եմ, «ճշմարիտ է, աստված նրանց հետ էր, բայց նրանք հայ չէին. աստված մեր պապերի հետ էլ է եղել»․․․ Եվ պատմում եմ Հայկի, Արամի, Տիգրանի քաջագործությունները։