Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայրս շատ ոգևորվում է, մանավանդ երբ որ պատմում եմ Եղիշեից հինգերորդ դարում մեր փափկասուն տիկնանց կրած նեղությունները իրանց հայրենիքի պաշտպանության համար։ Մեկ օր այնպես հուզվեցավ մայրս, որ լաց եղավ, տեսնելով մորս արտասունքը, ես ինքս էլ արտասվեցա։ Արդյոք մոր նման քաղցր էլ ուրիշ ի՞նչ կա աշխարհքումս։ Ինչքա՜ն բախտավոր կլինեին զավակները, եթե հայրերն ևս մայրերի քնքուշ զգացմունքն ունենային։ Ընդհանրապես կոպիտ են հայրերը և կոպտաբար են վարվում իրանց որդոց հետ։ Նրանք իբրև տան բռնակալ ահ ու սարսափն են ամենքի։ Նրա անունով մանուկներին սպառնում, վախացնում են։ Այդ երկյուղի տպավորությունն այնքան մեծ է եղել ինձ վրա, որ այս րոպեիս էլ վախենում եմ իմ հորից, թեև ինքս ինձ սիրտ եմ տալիս, որ մաքառեմ նրա բռնակալության դեմ։ Հայրս մի զարհուրելի մարդ է նաև, իր հսկայական հասակով, իր բարկացկոտ և կնճռոտ դեմքով, իր ծանրաբարոյությամբ և մանավանդ իր կամակորությամբ և այն մեծ համարմունքով, որ վաստակել է իր մասին։ Այս ահռելին ինձ չի օգնում, ոչ թե նրա համար, որ ժլատ է, ո՛չ, հայրս ոչ միայն ժլատ չէ, այլ ընդհակառակն, չափազանց առատաձեռն է, միայն ոչ իր համար, իր տան համար, իր զավակների համար, այլ... օտարների։ Չափազանց հյուրասեր է, և հյուրերի համար հատկապես օդա ունի շինած գոմի մի ծայրումը։ Առանց հյուրի հաց ուտելու սովորություն չունի. եթե չկա մի օտար հյուր, նա պատահած շինականին կկանչե, որ նրա հետ ախորժակով հաց ուտի, գինի խմի։ Շատ անգամ երեխեքը անբաժին են մնում, բոլորը հյուրերն են ուտում. շատ անգամ՝ իմանալով, որ տանը կերակուր չկա պատրաստած՝ նա էլի բերում է հյուրերին, ասելով՝ «սոխ ու հաց, սիրտը բաց», բայց այդպիսի դեպքերում մորս հետ կռվում է։ Ահա այս մարդը, որ ինչքան լավ մարդ է իբրև հասարակության անդամ, նույնքան վատ է՝ իբրև գերդաստանի հայր։ Ես, իհարկե, ընդդեմ չեմ նրա հյուրասիրությանը, այլ ընդդեմ եմ, որ մեկը զոհում է մյուսին։ Եվ ես սրանում մի առաքինություն չեմ գտնում, այլ միայն մի մոլորություն և սնափառություն։ Ինձ չի տալիս այն, ինչ որ կրկնապատիկ