Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ո՞ւմ ծիծաղը չի գալ,— ասաց Արությունը վստահաբար, օգուտ քաղելով հոր հանդարտ խոսելուցը։

— Սուտ բանը ո՞րն է.

— Ես ո՞ր մեկն ասեմ... Հենց ինչ որ ասում են, բոլորն էլ սուտ է լինում, ոչ մի ճշմարիտ բան չեմ լսում։ Բորչալվեցի թուրք Ալին տասներկու տարի գելություն է արել, ասում են։ Սրանից էլ անհամ սո՞ւտ։

— Հետո՞, էդ սուտ է՞. ես ինքս եմ աչքովս տեսել էն մարդին, ինչի՞ է սուտ, ուրեմն մենք ամենքս էլ սո՞ւտ ենք խոսում։

— Դու քո աչքովդ մարդին ես տեսել, մարդի ասածին ես հավատացել, դու հո չե՞ս տեսել նրան գել դառած, դու հո չե՞ս տեսել էդ գելին նոր մեկանց մարդ դառնալիս։ Եթե տեսել ես, դե ինձ հասկացրու, տեսնեմ էդ ինչպե՞ս է եղել, որ ես էլ հավատամ...

— Ինչպե՞ս պետք է լինի,— պատասխանեց հայրն ակամա, ուզենալով որդուն հավատի բերել և ցույց տալ նրան, որ ինքն ավելի բան գիտե, քան թե նա, չկասկածելով, որ իր բոլոր գիտությունը Արությունի համար չգիտություն է։— Ինչպե՞ս պետք է լինի։ Մեկ օր չարերը հարսնիք անելիս են եղել զուռնա ղավալով. մարդը չի իմացել, որ էդ հարսանիքը չարերն են անում. միամտությունով գնում է ընկնում նրանց մեջը։ Չարերը պար են ածում նրան, ծափ տալիս, ծիծաղում, հետո մի գելի մորթի են գցում շլինքը, մարդն իսկույն գել է դառնում, գնում ընկնում գելերի մեջը։

— Հետո՞, հապա ինչպե՞ս է ապրել գելերի հետ։

— Ինչպե՞ս պիտի ապրեր, իհարկե գելի պես։ Քանի անգամ խեղճը պատմել է ինձ։ Ասում է՝ տասնով, քսանով ման էինք գալիս չոլեչոլ, որ տավար կամ ոչխար որ մեր ղսմաթն էր լինում, միայն նա էր երևում մեր աչքին, մենք էլ գնում էինք նրան ուտում։ Երբ որ աստված ղսմաթ չէր տալիս, բոլորս մեկ տեղ էինք հավաքվում ու սկսում էինք օռնալ. հետո մի բան էր երևում աչքներիս, գնում էինք ուտում։ Մեկ անգամ էլ, ասում է, մի լղար ձի երևաց աչքներիս. գնացինք, վեր գցեցինք, մեր մեջ փայ արինք, մեջքի սեռն ընկավ ինձ. դարտակ ոսկոր էր, էնքան կրծեցի, ասում է, որ ատամիս մեկը վեր ընկավ․․․