Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ճշմարիտ որ առաջի ատամներից մեկը վեր ընկած էր...

— Իհարկե՝ սուտ ինչպե՜ս կասեր. բայց հետո՜, ինչպես է նորմեկանց մարդ դառել...

— Ինչպե՞ս պետք է լինի... Հերթով գնում են եղել փարախից ոչխար փախցնում։ Մեկ անգամ էլ հերթն իրան է ընկնում, գնում է մտնում ոչխարի աղալը. շները վրա են թափվում, չոբանները հավաքվում են. ուզում է, որ թռչի, չափարովը դուրս ընկնի, գելի մորթին ընկնում է չափարի բհիրը, շլինքը միջիցը դուրս է գալիս թե չէ՝ էլի դառնում է առաջվան մարդը։ Չոբաննին ուզում են մեկ լավ ծեծեն, բայց որ իմանում են, թե գել է եղել, նոր է մարդ դառել, տանում են իրանց մոտ հաց ուտեցնում, ճանապարհ գցում։

— Ա՜յ թե խաբել է հա՜...— բացականչեց Արությունը։

— Նա հենց մարդ է եղել և ոչ թե գել, բայց որ գողությունը բռնվել է, ասել է՝ գել էի. հիմար չոբաններն էլ հավատացել են, էդ բանը տարածել ժողովրդի մեջ։ Խելոք մարդն էդպես բաներին ինչպե՞ս կհավատա, մարդն ինչպե՞ս գել կդառնա...

— Դու որ չես հասկանում, հենց իմանում ես, թե չի դառնալ. ինչի՞ չի դառնալ։ Չարերն ի՞նչ ասես որ չանեն։ Մեր Ասրոնց հարսը գել չէր դառե՞լ, հարևանների երեխեքը կերե՞լ. նրան չէ՞ր, որ բռնեցին, գելի մորթին գցեցին թոնիրը, որ քիչ էր մնացել, թե ինքն էլ հետն ընկնի կրակը, բղավում է եղել. «Վա՜յ, էրվեցի, էրվեցի»... Գելի մորթին որ էրվում է, նա հենց իմանում է, թե ինքն էլ հետն է էրվում... Չարերն էլ որ չլին, մի՞թե աստված չի պատժիլ մարդի։ Էլ ի՞նչ ես կարդացել, որ էդքանն էլ չես իմանում։ Նաբուգոդոնոսորը եզը չդառա՞վ. մեր Տրդատը խոզ չդառա՞վ, որ Գրիգոր Լուսավորիչը նորմեկանց մարդ շինեց, բայց մի ականջը նշան թողեց, որ քեզ պես թերահավատները մտիկ տան, իրանց աչքով տեսնեն, որ չասեն սուտ էր...

— Իհարկե՛ սուտ էր։ Տրդատը խոզ չի դառել, բայց գժվել է՝ իր հավատը փոխել, սուտ բաների հավատացել, գնացել ընկել մի քարափի մեջ, որ ճգնվի...

— Հա՜ա՜... Էդ վաղ կասեիր է՜, որ էլ քեզ հետ չխոսեի։ Էնդուր են ասել, թե առաջ շատ կարդացողը կթուրքանա է՜...