Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս վայրենի վիճակը զարգացրեց Արությունի ներքին և արտաքին զգացումները, նրա տեսողությունը, լսողությունը, հոտառությունը, բնազդումը, մտառությունը, նկատողությունը, խորհողությունը և երևակայությունը։ Նա զարգացավ և ֆիզիկապես։ Գարնանային և ամառային բացօթյա կյանքի մեջ, հով ու զով տեղերում, ծաղկապատ լեռներում, անմահական աղբյուրների ափերում, մութ անտառներում և ձորերում շարունակ թափառելով՝ Արությունը մի բոլորովին նոր մարմին հագավ, ավելի առողջ ու զորեղ, ավելի հաստ ու կոպիտ, քան թե առաջ էր։ Ո՞վ կարող էր կարծել, որ Արությունը սևը սպիտակից ջոկել գիտե, թե նա երբևիցե Ալբերտի մթնաբանության ծանր լուծի տակ ընկած է, թե նա Չամչյանը ծայրեիծայր անգիր է արել աշըղի խաղի պես։

Չնայած արտաքին կոպտությանը, նա չկորցրեց սրտի դյուրազգացությունն ու քնքշությունը։ Բնավորությամբ երկու սեռի մի խառնուրդ էր ներկայացնում և այդ երկու իրար հակառակ կողմերը մերթ հաշտվում և օգնում էին միմյանց և մերթ կռվում ու ընկճվում միմյանցից, նայած թե որտեղ, որ կողմն էր ավելի պետք, կամ որպիսի տրամադրություն ուներ հոգին։ Բնությունը նրան այնպես էր կազմակերպել, ինչպես դարբինը նրա երկսայրին, խանչալը, որի մի բերանը հաստ էր թողել՝ քար ու քոլ կտրելու համար, մյուս բերանը՝ բարակ՝ փափուկ բաներ ածլու պես թռցնելու համար։ Նա մի գազան էր և միևնույն ժամանակ մի սոխակ. գոռում էր գազանի պես և երգում սոխակի նման։ Պատահմունքը երբեմն այնպես է կրթում մարդու, որպես կարող չէ կրթել ոչ մի տաղանդավոր դաստիարակ. ո՞վ կարող է արհեստական կերպով տալ մեկին այն, ինչ որ միայն բնությունը կարող է տալ, բնությունը, որ գիտե չոր անապատներից մարգարե հարուցանել։ Մտածող միտքը, զգայուն սիրտը միայնության մեջ, բնության գրկում, նրա մեղմ ու ահեղ երևույթների ազդեցության տակ՝ վերանում է մտքով և հափշտակվում մինչև երկինք, հմայվում, կախարդվում է և հոգով ու մարմնով անձնատուր լինում մի աներևույթ զորության։ Անյուհետև գիտակից ոչինչ չի լինում նրանում. նա վարվում է ինչպես մի խենթ, բայց խելքը չկորցրած, այլ վերացրած, թռցրած դեպի վեր, դեպի բարձրը, ինչպես