Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնցով շարունակ նախապաշարմունքի մեջ էին պահում ժողովրդին։ Դրանք Ավետարանի և Աստվածաշնչի պատմությունները ծաղկացնում էին և պատմում այնպիսի ավելվածներով, որ տերտերների բերանը բաց էր մնում։

Մեկ անգամ լսեց, որ Հայդարբեգ գյուղը մի շատ անվանի աշըղ է եկել, թե նա շատ աշըղների հետ է բաս մտած և սազերը ձեռքներիցը խլած, մտքումը դրավ գնալ նրա հետ բաս մտնել, հուսալով՝ որ անպատճառ կհաղթի և սազը ձեռքիցը կառնի։ «Աբովյանցի ասած, խանչալիս քարը հո չի վեր ընկնիլ, մի աշըղ էլ ես կդառնամ»,— ասաց Արությունն ինքն իրան։ «Եթե ես կհաղթեմ, սազը ձեռքիցը կառնեմ, իսկ եթե նա կհաղթի, ես իմ հրացանս կտամ իրան, բայց հետո մի թաքուն տեղ առաջը կկտրեմ, համ իմ հրացանս կխլեմ ձեռքիցը՝ համ իր սազը. թող գնա՝ որտեղ որ իրանը կասի, էնտեղ էլ իմն ասի։ Դրանց օյին գալը մեղք չէ. բոշի նման դռնեդուռ ման են դգալիս, ժողովրդին սուտ-սուտ բաներ հավատացնում․ հետո որ ուղիղ մի բան ես ասում, էլ չեն հավատում. ասում են՝ գիժ ես։ Դե որ գիժ եմ, գիժ եմ, ես էլ գժություն կանեմ»...

Այսպես մտածելուց հետո Արությունը ճանապարհ ընկավ դեպի Հայդարբեգ գյուղը։ Արժանի է նկարագրության նրա այդ ժամանակվա հագուստը։ Նա ուներ վայրի վարազի հաստ կաշվից տրեխներ, արխալուղի փեշերքը հավաքած էր բրդե շալվարի մեջը, օսի չուխա ուներ հագին՝ փեշերքը վեր կապած, մի մեծ՝ թարաքյամի փափախ ուներ գլխին՝ ճակատի կողմը ներս ծալած։ Վայրի այծի կաշվից մի պարկ ուներ շալակին՝ մեջը մի կտոր սև հաց և մի կտոր էլ թել պանիր։ Ատրճանակը մեջքի կողմից գոտիկը խրած, խանչալը ձախ կողմից կախած, հրացանն ուսը գցած և մի հաստագլուխ թավարզին անունով մահակ ձեռքն առած։ Արությունի այսպիսի տեսքը՝ նրա երկար հասակի, վառվռուն և խոշոր աչքերի, արհամարհող հայացքի և հանդուգն բնավորության հետ միասին՝ շատերին կասկածանքի տեղիք էին տալիս, թե նա գուցե մի փախստական ավազակ է։ Այդ կասկածն ավելանում էր, երբ Արությունին հարց ու փորձ անելիս, նա սուտ չէր ուզում հնարել, ուղիղն էլ չէր հայտնում, թե՝ ով է կամ ով չէ։ Արությունն այդ չէր նկատում և ոչ մտքովն անց կացնում, թե կարող են