Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ տեսակ կարծիք ունենալ իր վրա, եթե ոչ՝ նա կարող էր նրանց կասկածը փարատել։ Նա ավազակության ոչ հակում ուներ և ոչ ընդունակություն. ավելի շուտ քաղցած կմեռներ կամ ինքնասպանություն կգործեր, քան թե գողություն կաներ, որովհետև նա իր մանկության օրից մինչև այն օրը մի ամենաչնչին բան գողանալու կամ թաքուն վերցնելու միտք անգամ հղացած չէր։ Նրանից կասկածում էին ավելի շիրակեցիք, որոնք մեղք էին համարում զենք կրելը, մանավանդ նրան բանեցնելը, և սրա համար էլ շատ հաճախ երկու երիտասարդ սրանցից մինչև հիսուն հոգու իրանց թրերի առաջն էին անում, ահագին կարավանի բոլոր եզները քշում անց կացնում Արփաչայը և անհետացնում․

— Հա՜խն է,— ասում էր Արությունը,— ինչո՞ւ ձեզ էլ չէին կոտորում այդ անպիտանները...

— Ջանըմ, ի՞նչ կըսե,— բացականչում էին շիրակցիք։

— Չոռ ու ցավ կըսեմ... անամոթ հիմարներ, ի՞նչ երեսով եք երևում դուք ձեր օղլուշաղին. ինչո՞ւ գետինը չեք մտնում։ Մեր գեղի երեխան անգամ եթե կողոպտվի, նա կամաչի տուն գնալ հորն ու մոր աչքին երևալ. դուք ահագին զռփի տղամարդիկդ ինչպե՞ս չեք ամաչում կողոպտվել երկու թուրք գյադայի ձեռքով...

Արությունը հեռացավ այդ տեղից և գնաց Լոռի, ուր և իմացավ համբավավոր աշըղի գալը։ Նա գնաց Հայդարբեգ և հանդիպեց աշըղին այն ժամանակ, երբ նա ուզում էր մի մարաքյա սարքել մի քանի աշակերտների հետ։ Մարաքյայի նյութը պիտի լիներ Դուզի ղուշի հեքիաթը։ Գյուղի քեթխուդաները, քահանան և բոլոր մեծ ու փոքրը հավաքվել էին քյոխվայի տան սրահումը և նստել ծալապատիկ՝ մեծերը թաղիքների և մյուսները՝ գետնի վրա։ Արությունը մոտեցավ աշըղին համարձակ և գլուխ տալով՝ ասաց.

— Է՜շխ оլա, ուստա (աշխուժություն լինի կամ կցանկամ)։

— Էշխն չոխ օլա, սաֆա գյալդն,— պատասխանեց աշըղը (էշխդ շատ լինի, բարի եկար)։

Սրանք սկսեցին խոսել թուրքերեն, ես կդնեմ այստեղ նրանց ասածների և երգածների թարգմանությունը։