Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արություն. Պատվելի՛ վարպետ, չի՞ կարելի արդյոք, որ մի րոպե գոտիկ գոտկի զարկենք, մարիփաթ մարիփաթի (այսինքն՝ փորձենք մեր ուժն ու շնորհքը, բաս մտնելով)։ Ես լսել եմ քո համբավավոր անունը և եկել եմ, որ քեզ հետ բա՛ս մտնեմ, հույս ունիմ, որ չես հրաժարվիլ։

Աշըղ. Գլխի՛ս վրա, աչքի՛ս վրա, մեծ ուրախությամբ, շատ սիրով, շատ սիրուն, շատ բարի... Բայց իմ սիրելի, իմ աչքիս լույս, ես տեսնում եմ, որ դու աշըղ չես, դու սազ չունիս, կամ սազդ խլել ես տվել, ինձ մոտ առանց սազի եկել։ Ո՛չ, այդպես չեն լինում ինձ մոտ եկողները, նրանք սազով են գալիս և առանց սազի գնում։ Սիրելիս, դու մոլորված ես, ջահել ես, քեզ խաբել են։ Իմ գիրն այնպես գիր չէ, որ ամեն մարդ կարդա. իմ ջուրն այնպես ջուր չէ, որ ամեն մարդ խմի. ես այնքան խոր եմ, ինչքան ծովի հատակը, այնքան բարձր, ինչքան Մասիսի գագաթը։ Ի՞նչ կասես, սա՛ն յախշի (դու լավը, այսինքն՝ ինձանից լավը, եթե կարող ես դու ասա)։

Արություն (մտքումը). Այս ի՜նչ ճարտար մարդ է. սրան կարելի չէ հաղթել։ Է՜հ, ի՜նչ եմ հոգում, ինչ կլինի՝ կլինի. ձու հո չեմ, որ կոտրվիմ։ (Բարձր) Գիտե՞ս ինչ կա, վարպետ, դու ճշմարիտ ես ասում, ես աշըղ չեմ. ուզում եմ աշըղ դառնամ, բայց սազ չունիմ։ Քո սազը իմ աչքումս մտել է։ Արի բաս մտնենք, հիմի ինչ կլինի՝ կլինի։ Եթե դու կհաղթես, ես իմ հրացանը քեզ կտամ, որ «Ղրիմ-Բախչասարայի» է, երկու հարյուր մանեթով է առնված։ Թող վկա լինին էս քեթխուդաները։ Բայց եթե կհաղթեմ, որ աստուծով հույս ունիմ, այն ժամանակ, ինչպես աշըղների օրենքն է, դու քո սազը մեծահոգությամբ ինձ կտաս։

Աշըղ. Շատ լավ, հույժ բարի։ Բայց դու աշըղների կանոնը գիտե՞ս. դու գիտե՞ս, որ սկզբի ասելու իրավունքն իմն է, որովհետև դո՛ւ ես եկել ինձ մոտ, դու ես ուզում սազը ձեռքիցս առնել, որ երազումդ էլ չես տեսնիլ։

Արություն. Գիտեմ, գիտեմ, բոլոր կանոնները գիտեմ, կարող ես սկսել։

— Չէ՛, աշըղիս վախեցրի,— ասեց Արությունն իր մտքումը։

Հարցրին մեկ մեկի անուն, աշըղն ասաց, որ իր աշըղական