Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակաշրջանում, Մակարի ու նրա որդու՝ Մարկոսի և վերջինիս սիրած աղջկա նախատիպարները հազվադեպ չէին: Պատմվածքը գրելիս Աղայանը անշուշտ նկատի է ունեցել իրական մի եղելություն:


7

Աղայանի արձակ ստեղծագործություններում (չհաշված հեքիաթները) «Արություն և Մանվել»-ից ու «Երկու քույր»-ից հետո, երրորդ նշանակալից գործը «Քլորօղլի» վիպերգությունն է: Անդրկովկասյան ու միջինասիական ժողովուրդների միջազգայնական այդ հերոսապատումից Աղայանը մշակել է, երեք դրվագ միայն, այն է՝ «Քյորօղլին ջաղացպան» (1887), «Քյորօղլու թուրը» (1893) և «Քյորօղլին կալանավոր» (1893):

«Քյորօղլին» հեղինակի առաջին երկու վիպական գործերից, իհարկե շատ առումներով է տարբերվում: Բայց այդ երեք գործերի գլխավոր հերոսները՝ Արություն-Արզուման-Քյորօղլի, միանում են մի ընդհանուր գաղափարական գծի վրա: Բոլոր այդ հերոսներն էլ հակադրված են տիրապետող սոցիալական-քաղաքական կարգերին, ըստ որում Քյորօղլու կերպարի գաղափարական բովանդակությունը շատ ավելի լայն ընդգրկում ունի, քան նախորդ երկուսինը:

Ի՞նչ հիմնական գծերով է հատկանշվում Քյորօղլու աղայանական կերպարը: Ըստ Աղայանի գեղարվեստական-գաղափարական մեկնաբանության Քյորօղլին «բնության պարզ որդի» է, որի համար անբնական ու անբանական, ուստի և անտանելի են գոյություն ունեցող բռնակալական ռեժիմները, որոնք ստրկության մեջ են պահում աշխատավոր ժողովրդին: Քյորօղլին անհաշտ ատելությամբ է լցված տիրող կարգերի նկատմամբ, նրա «գլուխը լցված չէր զանազան կանխակալ կարծիքներով», որ կաշկանդեին նրան, ստիպեին հնազանդ մնալու տիրող անարդար օրենքներին: Նա ընդվզել է այդ օրենքների դեմ և բարձրացրել անհաշտ կռվի դրոշակ: Նրա շուրջն են հավաքվել «բոլոր կարգե դուրս քաշ տղամարդիկ», որոնք անձնուրաց նվիրվածությամբ ու խոր գիտակցությամբ ծառայում են ժողովրդի պաշտպանության գործին:

Քյորօղլին աշխատավոր ժողովրդի սոցիալական-քաղաքական կռվի դրոշակակիրն է, ճնշվածների ու շահագործվողների պայքարի առաջնորդը: Նա «գյուղացիներին ոտքի է կանգնեցնում իրենց խաների ու բեգերի դեմ, կոտորում և կոտորել տալիս կալվածատերերին ու տերության կապալառուներին, հարկահանների հավաքած հարկերը բաժանում չքավոր գյուղացիներին»:

Քյորօղլու մարտիկների կազմը բազմացեղ ու բազմազգ է. «Ամեն հավատի ու ցեղի մարդ կա նրա խմբի մեջ. բայց մի անգամ այդ խմբի մեջ մտնելով՝ ոչ մի հավատի չեն ծառայում, ամենքն էլ միապես դառնում են անհավատ և ծաղրում ամեն հավատ»:

Քյորօղլու արկածների աղայանական պատկերումը հատկանշվում է խոր ժողովրդայնությամբ, և՛ ըստ գաղափարական բովանդակության և՛ ըստ ձևի. դա երգախառն արձակ զրույց-դյուցազներգություն է՝ իր ժանրային առանձնահատկություններով