Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղափ, վով, բեյի, գալ՝ կնշանակե ղուրդ, որդ, ճիճու։ Էս Հոբ Երանելու համար է ասած, չունքի նա իրա ջանումը որդ պահեց. աբրեշումի ճիճուն էլ նրա ջանիցը բհամ էկավ, նրանից առաջ չկար․․․ Էսպես խաղերը՝ ղորդ ա՝ դժար խաղեր են, բայց նահլաթլամա չեն, քըթաբլամա են, չունքի Հոբ Երանելին քրթաբի մեջն ա։ Բայց որ հիմի աստված ուրիշ թավուր ա կամենում, «Կամք տյառն օրհնյալ եղիցի», ես էլ իմ աղին (ս. Կարապետին) կխնդրեմ, որ ինձ ուրիշ թավուր շնորհք տա։ Դե մեր տերտերն էլ դու ես. դու մեր հայոց քաջերի պատմությունն արա, ես էլ նրանց գովեմ, բարձրացնեմ...

— Ես աշըղ հո չե՞մ, որ քեզ խաղ սովորեցնեմ,— պատասխանեց տերտերը, որպես թե լավ չհասկանալով աշըղի պահանջը։

— Քեզ ո՞վ է ասում ինձ խաղ սովորցրու, խաղ ես ուզում, ես կսովորցնեմ քեզ։ Դու ոնց որ ամեն օր Այսմավուրքը կարդում ես, մենք ականջ ենք դնում, էնպես էլ հայոց ազգի քաջ տղամարդոց պատմությունը կարդա, մենք ականջ դնենք։ Ա՛յ, ինչ եմ ասում, ես քեզանից խաղ չեմ ուզում։

— «Կա՛րդա»... «Ականջ դնենք»... Ես ո՞րդիանց կարդամ, ինձ կարդացրել ե՞ն, որ ես կարդամ...

— Դե ասա՝ չեմ գիտում՝ էլ ի՞նչ ես կմկմացնում. դու որ տերտեր ես, չես գիդում, ես ո՞րդիանց գիտենամ. էլ ո՞ւր ես վրաս ծիծաղում...

Թողենք տերտերին ու աշըղին, որ իրանց վեճը շարունակեն, մինչև մի խելքը գլխին մարդ դուրս կգա և կորոշե, թե նրանցից ո՛րն է մեղավոր, և որն՝ արդար, իսկ մենք գնանք Արությունի մոտ։

Արությունը հեռացավ գնաց, մտավ մի քարայր, և սկսեց փորձել, որ տեսնե կարո՞ղ է ածել սազը, թե ոչ։ Սպասեցեք, շվշվացնում է աշըղների եղանակներից և ճնկճնկացնում սազը, բայց չի կարողանում ներդաշնակություն ձգել բոլոր թելերի մեջ, չի իմանում, թե մատը ո՞ր փարդի վրա պետք է դնե։

— Չէ՛, չի լինում։ Յա՛ սուրբ Կարապետ, չանգլի սուլթան, չանգլի փիր․․․ երգեմ, երգեմ, երգելով լավ դուրս կգա...

Թորդանեն Եփրատ բերին, Մշու սարին հավանեցաբր,— Բանիվ ջորու ծնկովն մեզ զարմանք հրաշք ցուցար...