— Չէ՛, չի ըլում, սուրբ Կարապետը չի օգնում... Ուրիշ երգ երգեմ...
Քրիստոնյա եք, անգաջ կալեք, լսեցեք,
Լավ իմացեք պատվիրանն աստուծու,
Մաթոս, Մարկոս, Ղուկաս, Ուհան գրեցին
Չորս կլոխ Ավետարանն աստծու։
— Չի լինում, չէ... վերի սիմերը շատ են թուլացել, պետք է սրանց ոտներին մի քիչ հուփ տալ, որ հաստ ձայն չհանեն... Ահա՜... կտրվեց սիմը. հիմի ես ի՞նչպես շինեմ։ Բայց ի՞նչ վնաս ունի, մեկ սիմն էլ պակաս լինի թող. մյուսը փորձենք։ Օհո՜... այս էլ կտրվեց. բայց էս ոտի վրա դեռ շատ կա փաթաթված. տեսնեմ հասնո՞ւմ է... Ափսո՜ս, կարճ է։ Է՜հ, մի նոր ցավ գտա ինձ համար. մինչև ես սրա հետ կհաշտվիմ, աչքումս մազ կբսնի։ Մեկ ասող լինի, թե սազը քո ինչի՞ն էր պետք, որ վերցրիր բերիր, խեղճ աշըղին էլ առանց սազի թողեցիր։ Հաղթեցիր բավական է, էլ ի՞նչ կանեիր սազը։ Ճշմարիտ, ի՞նչ պետք է անեմ ես էս սազը. տանեմ էլ ետ իրան տամ, ասեմ՝ ա՛ռ, վարպետ ջան, քո սազն ինձ պետք չէ... բայց չէ․․․ ետ գնալը լավ չէ, ով գիտե ինչ կարող է պատահել։ Ես գիտեմ ինչ կանեմ այս սազը։ Ես սրան կտանեմ Ջալալօղլի կծախեմ, ստացած փողովս գնդակ ու վառոդ կառնեմ... Իսկ Հիմա կերթամ էս մոտիկ փռանգների գեղը։ Այս խեղճ կաթոլիկները չեն իմանում, որ իրանք հայ են, դրանց պետք է հայացնել։ Հենց որ հասկացրիր, թե ազգ ասածդ ինչ բան է, էլ այնուհետև ի՞նչ պատճառ ունի չմիանալու մեզ հետ։ Հիմարները իրանց տունը քանդում են, որ ուրիշ ազգերի տները շինեն... Վեր կենամ գնամ... Այսօր նշանավոր օր է ինձ համար... Հաղթե՜լ. հեշտ է ասելը։ Աշըղին հաղթելը մի պատուհաս է, ամեն մարդի բան չէ։ Բայց ինչ կլիներ իմ ճարը, եթե դժվար ղափիով էր սկսել, ինքն առաջուց պատրաստած կլիներ, ես կմնայի կապ ընկած։ Մեկ դրանց ասող լինի թե՝ ո՛վ հիմարներ, ոտանավոր եք ուզում՝ գրեցեք, երգ եք ուզում՝ շինեցեք, էլ ղափիա՞ս որն է։ Մարդ իմանա, ո՞ր ժամանակից է այդ ձևը մտել մեր մեջ, կամ արդյոք հայի՞ հնարած է, թե հետևողություն է ուրիշ ազգի։ Իհարկե սա մի հետևողություն կլինի,