Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նման արևելյան հեքիաթներին ու վիպերգություններին: Քյորօղլու ժողովրդանվեր կյանքի ու սխրագործությունների մասին պատմելիս, համապատասխան տեղերում պետք է երգվեն նրա երգերը, որոնք առանձին երանգ ու կենդանություն են տալիս ամբողջ ստեղծագործությանը:

Քյորօղլու հմայիչ կերպարը Աղայանի մարտնչող գյուղացիական դեմոկրատիզմի ցայտուն արտահայտություններից է: Քյորօղլու թրի ծագման և ուժի ավանդությունը զգալիորեն հիշեցնում է հայ ժողովրդական մեծ էպոսի— «Սասնա ծռերի» Թուր-Կայծակին: Երկու դեպքում էլ ժողովրդական հերոսների մարտական թուրը կայծակի հատկություն և ուժ ունի: Դրանք երկուսն էլ մարմնավորում ու սիմվոլացնում են ազատաբաղձ ժողովրդի ուժի հզորությունն ու անպարտելիությունը:

Քյորօղլու մարտաշունչ կերպարը Աղայանի լավատեսության մի ցայտուն արտահայտությունն է, վկայություն այն մասին, որ Աղայանը շարունակում էր բարձր պահել «անիրավ ու անարդար կարգերի» դեմ մղվող պայքարի գյուղացիական դեմոկրատիզմի դրոշը նաև 80—90-ական թվականներին:


8

Աղայանի ստեղծագործության մի նշանակալից բաժինը կազմում են նրա մշակած հեքիաթները, որոնք հայ գեղարվեստական գրականության լավագույն էջերից են:

Դիմելով հեքիաթի ժանրին՝ ռեալիստ Աղայանը, սակայն, ըստ էության չի հեռանում իրականությունից, ժողովրդի կյանքի պատկերման կենսական պահանջներից: Ընդհակառակը, Աղայանի ըմբռնումով, հեքիաթը միայն յուրահատուկ ձևով տարբեր, բայց իր էությամբ խորապես ռեալիստական է, իրական աշխարհի ու կյանքի ճշմարտացի պատկերման միջոց, որով դեմոկրատ գրողն իր հասարակական ձգտումներն է արտահայտում ու պրոպագանդում: Հեքիաթի ժանրային առանձնահատկությունն այն է, որ նա իրական կյանքը, իրական մարդկային հարաբերությունները պատկերում է ֆանտաստիկ և այլաբանական ձևով:

Հեքիաթում պատկերված անիրական-երևակայական աշխարհը ռեալ աշխարհի այլաբանական անդրադարձումն է՝ իրականի հիպերբոլիկ արտահայտություններով:

Լինելով հեքիաթի ժանրի հիմնադիրը հայ գրականության մեջ, Աղայանը միաժամանակ, այդ ժանրի տեսաբանն է: Նա իր հոդվածներում հիմնավորել է հեքիաթի կարևորությունը և նրա դաստիարակչական նշանակությունը մասնավորապես մանուկների ու պատանիների համար:

Ըստ Աղայանի ըմբռնման՝ հեքիաթը խոր իմացական արժեք ունի և մեծապես նպաստում է մանուկ սերնդի մտքի, նրա աշխարհիմացության զարգացմանը: «Մարդու հանճարի և տաղանդի սաղմերը պետք է նրա լսած հեքիաթներումը փնտրել»,— գրում է Աղայանը և ի հաստատումն իր այդ մտքի, ասում է. «Եթե ես գիտենայի, թե որպիսի հեքիաթներ լսելով է զարգացել