Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ձո Փարսեղ, ասիգ ո՞ւրդից է, Քափանագու չոբան է, հե՞.. Ձո, ադամ, մեզի դիան մը չենե՞...

— Չէ՛, տեր խայր, խայ է, Խաչնլվա է...

— Խոզարած է, հե՞․

— Ի՞նչ գըսես գը, աղեկ կարդալ գինա, մերին Ավետիք ախպոր մանչն է․․․

— Ըղվո՜րտ գըսես գը, ձո մանչի՛կս, ո՞ւ կերթաս գը․․․

— Ես այստեղ եմ եկել, տեր հայր, ուրիշ տեղ չեմ գնալու։ Ես լսել եմ, որ դուք ուզում եք ուսումնարան բանալ ձեր գյուղումը, բայց վարժապետ չունիք. ես կարող եմ վարժապետ լինել, եթե կկամենաք և կընդունեք։

— Աղանգ իշտե՜... էղնելու պան մը չըսի՜ր․․․

— Ինչո՞ւ համար։

— Քուգին միտքն ինդո՞ր է, դու խայ ես, մենք գաթոլիգ, ադիկ ի՞նչ ըսել է. «Էգուր քըզի խայ ընեմ» դեյի ըսել չէ՞ մի... Ֆիռանգին ու խայուն մեջ միապանուտեն կեղնի՞ հեչ։

— Ինչպես թե՝ «Էգուր խայ ընեմ քզի». միթե դուք հայ չե՞ք, նո՞ր պիտի հայացնեմ ես ձեզ. դուք որ ձեր անունը փռանկ եք դրել, հենց իմանում եք թե փռանգսուզ եք դառե՞լ. ո՞ր փռանգսուզը կհիմարանա՝ իր ազգությունը չճանաչել և իր ազգային կրոնը մի օտար կրոնի հողաթափ շինել։ Վերջապես ես կրոնի վարժապետ չեմ, ձեր կրոնը դուք ինքներդ էլ կարող եք սովրեցնել, բայց եթե դուք ձեր ազգությունը չեք ուրանալ, ազգուրաց չեք լինիլ, ես կսովորեցնեմ ձեր որդոցը հայոց ազգի պատմությունը։ Գիտություն էլ, որքան ես ունիմ, բոլորն էլ կհաղորդեմ նրանց դյուրին ոճով, վերջապես ուսում կտամ, գրել կարդալ կսովորեցնեմ...

— Խայոց բատմուտեն որի՞ն գըսես գը. խին գռաբաշտներու խմա՞ր գըսես գը։

— Այո՛, հին կռապաշտների, բայց որոնք ավելի առաքինի, ավելի հայրենասեր և ազնիվ մարդիկ են եղել, քան թե այժմյան հայերից շատերը, որոնք թեպետ կռապաշտ չեն, բայց պապապաշտ են, որ կռապաշտությունից էլ ստոր բան է։ Վերջապես հին հայերը հո միշտ կռապաշտ չեն եղել։ Մեր Աբգար թագավորի ժամանակից սկսած հայերը խաչապաշտ դարձան Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ