Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե՛ բնավորությամբ։ Նա մի ջերմեռանդ աստվածասեր էր։ Նա աստծուն ներկայացնում էր իրան Նարեկացու պես, անսահման բարի, անսահման ողորմած, և ոչ նախանձոտ, բարկացկոտ, ինչպես Մովսեսն էր ներկայացնում։ Բայց շատ էր ցանկանում, որ աստված նախանձոտ և բարկացկոտ լիներ, վրեժխնդիր լիներ, իր փառքն ուրիշին չտար. սակայն խոր մտածելով՝ ասում էր. «Եթե այդպես լիներ, քար քարի վերա չէր կանգնիլ»։

Նրա բնավորությունն այնպես էր կազմակերպված, որ ինչ բովով էլ անցնելու լիներ նրա ուղեղը, նա կմնար մի ջերմեռանդ աստվածապաշտ։ Աստված նրա ամենաբարի հայրն էր, առանց նրան ինքը զինքը որբ կզգար, զուրկ այն անսահման սիրուց, որ խոր զգացողին մի անմահական կյանք է տալիս, նրա երևակայությանը մի արագ սլացումն դեպի վե՜ր, վե՜ր դեպի անհունության ծայրի աշխարհը, «զոր ակն ոչ ետես, ունկն ոչ լվավ և սիրտ մարդո ոչ անկավ»։ Զգացող սիրտը, երևակայող միտքը սնունդ է պահանջում, սնունդ է փնտրում և գտնում է միշտ՝ հիրավի՝ այնպիսի բաներ, որ ոչ աչքը կարող է տեսնել, և ոչ ականջը՝ լսել...

Առավոտուն վաղ վեր կացավ Արությունը և մի տաք-տաք թանեսպաս խպշտելուց հետո, ճանապարհ ընկավ դեպի Ջալալօղլի։ Այդտեդ ծախեց նա իր ձեռք բերած սազը և նրա գնով բավական գնդակ ու վառոդ գնեց և ընկավ Լոռվա ձորերը։ Բայց ինչո՞ւ համար, ի՞նչ նպատակով, ինչի՞ց ստիպված, այդ հարցմունքները նա ինքը իրան չէր առաջարկում, բայց կարծես մարդկանցից, աշխարհից փախչել էր ուզում և միայնության մեջ էր գտնում իր միակ մխիթարությունը, զվարճությունը։ Յուրաքանչյուր քայլափոխում նա իր ուշադրությունը գրավող մի բան էր տեսնում, և այսպիսով նրա միտքն ու երևակայությունը անընդհատ զբաղված էր լինում, մանավանդ, երբ մի որսի հետք էր գտնում և սկսում էր նրա հետքով գնալ, որսի հետքը նրան անց էր կացնում բավական մեծ տարածություն, առանց հոգնեցնելու, մինչև որ կամ գտնում, սպանում էր, կամ հետքը կորցնում և մի ուրիշը փնտրում։ Որսորդությունը մի զարմանալի գրավող բան է, որ շատերի մեջ հարբեցության և թղթամոլության պես մի բան է դառնում, էլ