Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիպցրել էր եղնիկի ճակատի ուղիղ մեջտեղը, որ ամեն որսորդի բան չէր...

Արությունը Պողոսի հետ ընկերություն արավ մի քանի ամիս։ Թե ինչի՞ց գրավված՝ այդքան մնաց, այդ հանգամանքն ուրիշ բանի կարելի չէ վերագրել, այլ միայն որսամոլության։ Մի քանի տեղ թակարդ էին լարում ձմեռ ժամանակ, և սպասում էին, որ նրանց մեջ պիտի ընկներ մազավոր կենդանիք — աղվես, դալա, լիսան և մինչև անգամ գայլ, խրամների անմատչելի քարածերպերում փեթակ էին դնում և սպասում էին, որ նրանց մեջ պիտի մտնեն տանը ձագ տված փախած մեղուներըր. նրանց գնալ մտիկ տալ կուզեր, և գնում մտիկ էին տալիս, որ եթե հաջողված էր լինում, վեր էին առնում, տանում տուն, իսկ եթե ոչ՝ ընկնում էին որսի հետևից երբեմն միասին և երբեմն ջոկ-ջոկ։

Պողոսն անտառի մարդ էր, որովհետև որսորդությունը նրա համար մի երբեմնական զվարճություն չէր, այլ արհեստ։ Նրա բոլոր հարստությունն էր իր մի հատիկ կովը, երեք հատ գամփռ շները, որոնցով շատ անգամ արջ և վարազ էին որսում, և երեսուն թե քառասուն փեթակ մեղուն։ Նա չուներ ոչ հայր, ոչ քույր և ոչ եղբայր, այլ մի մայր միայն, որ մի կատարյալ կմախք էր։ Այդ չորությունը առաջ էր եկել կսկծից։ Վեց որդի որ թաղել մին քան զմյուս գեղեցիկ և քաջ․ ամենքն էլ մեռել էին, որը՝ նոր նշանած, որը՝ նոր պսակված։ Նա ամեն երեկո նախատում էր Պողոսին, որ ձեռք վերցնի որսորդությունից, վար ու ցանք անե, տավար պահե, բայց գազանաբարո Պողոսը սիրով պատասխանել կամ խոստումներով սիրտ շահել չուներ, այլ խանչալով էր խոսում մոր հետ, ասելով՝

— Լեզվիդ մանի՛լ, թե չենա՝ էս սհաթիս փարչափարա կանեմ։ Բայղուշ, հորս գլուխը կերար, ախպորցս գլուխը կերար՝ հերիք չի , հիմի էլ իմ գլուխն ես ուզում ուտի՞...

Կսկծաչոր մայրը վախենալուց՝ ցածրացնում էր ձայնը և սգում։ Արությունի սիրտը թեև արյունով լցվում էր ամեն անգամ այս տեսարանին ներկա լինելով՝ բայց ոչինչ չէր խոսում, չէր հանդիմանում Պողոսին, որ, ըստ երևույթին, անգթության մեջ նրանից ետ չմնար։ Սակայն առանձին եղած ժամանակ միշտ մխիթարում էր պառավին և հույս էր տալիս, որ Պողոսը