Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կլավանա, միշտ էնպես կոպիտ չի մնալ։ Պառավն էլ Արությունին համարելով յուր միակ մխիթարիչը, Պողոսից առավել նրան էր մայրություն անում։ Սակայն մեկ օր էլ, երբ Պողոսն իր կոպտությունը ծայրահեղության հասցրեր և մայրն սկսեց երեխայի պես հեկեկալով լաց լինել, Արությունի սրտի վրդովմունքն այնքան սաստկացավ, որ աչքերից արտասուք եկավ։ Չուզենալով Պողոսին ցույց տալ իր սրտի քնքշությունը, դուրս եկավ տանից և արտասուքն աչքերին նստեց մեկ տեղ և արտահայտեց իր սրտի վիշտը հետագա խոսքերով.

Արցունքն աչքե՛րին, կարկառած ձեռքով՝ մորս եմ տեսնում,
Թե երազիս մեջ, թե լույս ցերեկով, մտածմանց միջում,
Ո՜հ, մայր իմ, մայր իմ, մի՞թե արժեմ ես այդ կսկծանքին,
Այդ անչափ սիրույն և երանական պատրաստ զզվանքին,
Ես չե՜մ ուրեմն մի դժբախտ էակ մոռցված ամենքից,
Քանի որ ունեմ անսահման սիրով ինձ վիճակակից։
Թող ողջ աշխարհը ինձ արհամարհո, հոգ չունիմ բնավ,
Ինձ բավական է քո միակ սերը և գութը անբավ։
Ո՜հ, թե ինչ հուսով և ինչ փափագով ինձ սնուցել ես,
Քանի՜ օրերով ծոմապահությամբ կյանքդ մաշել ես,
Քանի՜ շաբաթներ պասով, աղոթքով աստված ես կանչել,
Քանի՜ սուրբի մոտ մոմով, մատաղով ուխտ ես գնացել,
Քանի՜ որբերի և աղքատների դու կերակրել ես,
Քանի աղոթքներ և թիլիսմաններ վերաս կարել ես,
Քանի՜ցս անգամ դու իմ փոխանակ հարված ես ստացել,
Անգութի ձեռքից և քանի՜ցս անգամ դառն արցունք թափել,
Որ ես բախտավոր մարդ դառնամ մի օր և շնորհալի,
Որ լինիմ պարծանք ազգակիցներիս և քեզ սիրելի,
Բայց ես․․․ մթնապաշտ հորս շնորհիվ ընկա սարե սար,
Վերադառնալու, նորից ապրելու փնտրում եմ հնար.
Բայց իմ հույսն արդյոք աստված...
Ո՜վ... աստված իմ, աստված, դու բարի՜ ես, դու միշտ ողորմած.
Շատ ժամանակ է, որ քո գթությունդ երբեք չեմ հիշած.
Ների՛ր ինձ, ների՛ր, հայր իմ արարիչ, ես մեղավոր եմ,
Դու ինձ շնորհել ես ուժ ու զորություն, ես մոռացել եմ,
Դու հրամայել ես լինել գործունյա, ես նոր իմ հիշում,
Ես այսուհետև գործող կդառնամ իմ բոլոր կյանքում,
Գործունեությամբ իմ մեջ կգտնեմ ես ինձ բարերար,
Գործունեության դեմ չկա ոչինչ անհաս և դժվար.
Թող այս ձեռներս, որ այժմ քաջառողջ՝ պարապեն գործով,
Թող այս ճակատը, որ այժմ լայնացած՝ ճոխանա մտքով.