Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թող այս ոտներս, որ այժմ ամրացած՝ ուղիղ ընթանան,
Թող այս աչքերս, որ այժմ բացված՝ նոր փայլ ստանան․
Հոժա՜ր եմ, հոժա՛ր, ամենայն անձամբ գործունյա լինել,
Հաստատուն հուսով, անվեհեր սրտով միշտ հառաջ դիմել,
Դեպի նպատակ — դեպի կատարյալն և դեպի բարին,
Որին ձգտելը մի անհրաժեշտ պարտք է մարդկային,
Դու մի հաստատուն, ով իմ արարիչ, կամք տուր ինձ միայն,
Իսկ քեզ վայել է միայն փառք, պատիվ այժմ և հավիտյան...

Մեկ անգամ Արությունն ու Պողոսը մի եղջերու սպանեցին, երկուսի գնդակն էլ դիպել էր։ Արդեն երեկո էր և տունը հեռու և իրանք էլ հոգնած, այս պատճառով նույն գիշերը մնացին մի ավերակ եկեղեցում։ Կրակ վառեցին եկեղեցու մեջտեղը և սկսեցին եղջերվի մսի փափուկ տեղերից փայտե շամփուրներով խորովել, ուտել և միևնույն ժամանակ խոսել որսորդության, այս և այն վայրենի կենդանու բնավորության մասին, թե ինչպես որձ եղջերուները սեպտեմբերից սկսած ցլագոռ տալով դրմբացնում են բոլոր անտառները և կանչում են կովերին, թե ինչպես կատաղությունից կուրանում, անխելքանում են, թե ինչ կատաղի կռիվ է սկսվում բոլոր որձերի մեջ և կովերն ընկնում են հաղթողի ճանկը։ Սրանց այս տեսակ նկարագրությունից երևում էր, որ որսորդները թեև կոպիտ, խիստ նուրբ կերպով ուսումնասիրում են վայրենի կենդանիների ամեն մի շարժումը, նրանց բնավորությունը։— Այս ժամանակները,— ասում էր Պողոսը, որ ավելի փորձված էր այդ բանում, քան թե Արությունը,— բոլոր որձերը գնդակահար կլինին, եթե կովերը չազատեն նրանց։ Որձերի աչքերը արյունով լցված է լինում, ոչինչ չեն տեսնում, բայց կովերն իսկույն նրանց քսվելով, իմաց են տալիս վերահաս վտանգը և փախչելով փախցնում իրանց հետևից հարբած որձերին՝ բուղաներին... Այս տեսակ խոսակցությունը բնականապես հասցնում էր մինչև աղջկերքը, որոնք նույնքան զգույշ են, ինչքան վայրենի պախրի երինջները և խոսում էին այս և այն աղջկա վերա։

Լսենք, տեսնենք ի՞նչ են խոսում մեր քաջ Հայկա թոռնիկները։

— Արութին, ասում են պախրա սպանիլը մեղք ա. ղորդ ա,