Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դու խաղերովը բաց կանես իմ աղջկա կուրծքի մեր տված արծաթե կոճակնին, ես նրան քեզ կտամ». — Քյարամը խոսք ա տալիս, սազն առնում ա, չոքում ա աղջկա առաջին։ Տեր աստված, ինչե՜ր ա ասում, ինչե՜ր, ինչե՜ր... կոճակնին սկսում են բացվիլ, հենց որ մնում ա մեկը, էն էլ ուզում ա թե բացվի, մեկէլ ծերիցը մեկէլ կոճակնին էլի մեր են ընկնում, կոճկվում են... Էսպե՛ս՝ խեղճ Քյարամը մի կողմից բաց ա անում իրան խաղովը, մեկէլ կողմից կոճակնին մեր են ընկնում, չունքի տերտերը թլիսմ ա ըլում արած, որ չբացվին։ Էսպես՝ խեղճ Քարամը ասում ա, ասո՜ւմ, ասո՜ւմ, ասո՜ւմ, մեկ էլ սազը կրակ ա ընկնում, վառվում, էդ կրակը դիպչում ա իրան, ինքն էլ ա սկսում էրվիլ։ Ասլին ուզում ա թե հանգցնի, կշտին մի փարչ ա ըլում, վրա ա բերում, ածում վրեն. հենց իմանում ա թե ջուր ա, դու մի ասիլ նոթ ա... էդ նոթն էլ որ վրեն չի ածում, խեղճ Քյարամը տեղն ու տեղը էրվում ա, դառնում մի անձղակոթ։ Նրան տանում են թաղում։ Ասլին էլ չի հեռանում նրա գերեզմանիցը։ Սազը ձեռքին էնքան ածում ա, սգում, լաց ըլում, որ մեկ օր էլ գերեզմանիցը կրակ ա դուրս գալիս, նրան էլ էնտեղ էրում... Նրանց գերեզմանի վրա հետո երկու վարդի թփեր են բսնում, երկուսի մեջտեղն էլ մի փշի ծառ։ Վարդերն իրանց ճղերը մեկնում են, որ իրար փաթաթվին, մեջտեղի փշի ծառը չի թողնում...

Կոպիտ Պողոսի սիրտն այնքան քնքշացավ այդ պատմությունից, որ աչքերն արտասուքով լցվեցան։

— Խեղճերն իրանց մուրազին չեն հասել, վերջն էլ էրվել են․․․ Արութին, էրնեկ ասած չըլեիր, սրտումս դարդ դառավ։

— Դու շատ անխելք ես, Պողոս... Ադա, էդ դրուստ էլած բան խոմ չի՞, էդ հեքիաթ ա, մոգոնած բան ա, մարդը ո՞նց կէրվի, մեռած մարդու գլուխը, յա ծառը, քարը ո՞նց կխոսին...

— Ի՞նչ ա ասում... Ամմա ի՞նչ զուլում տերտեր ա ըլել. աղջիկը թուրքի չի տվել... Չէ՛, որ մոգոնովի բան ա, էլ ես նրա անըծքին չեմ հավատալ։ Ախր էդ թուրքերը հորսկանություն անելու շնորհք չունին, էնդուր ա անըծել հորսկաններին... Ուզեցել ա հայի աղջիկ առնի, էն էլ տերտերի... Իսկի մեր տերտերն իր աղջիկը ինձ չի տալիս, ասում ա՝ ես հորսկանին