Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պապ Հայկը,— դե հիմի հասեք էդ անիծածներին կոտորեցեք, որ էլ մեր աշխարհքումը ոտը չդնեն»։

«Բելի ղոշունը որ տեսնում են իրանց պաշտած աստծուն սատկացրած՝ դողում սարսափում են։ Հայկի ասլան տղերքն ու թոռները որ հասնում են, ընկնում նրանց մեջը, ոչխարների նման ջարդում, նրանք երեսները շուռ են տալիս փախչում։ Էդ օրվանից դեսը էլ ոչով չի համարձակվում մեր աշխարհքի վրա կռիվ գալ, Հայկի անունն էլ մըհրվում ա մեզ վրա ու մեր աշխարհքի վրա, մենք ասվում ենք հայ, մեր աշխարհքն էլ Հայաստան»:

— Բա՜հ, նրա արևին մատաղ, հրեն տղամարդն է՜։ Մենք էլ պիտի ասենք մարդ ենք էլի, փափախ ունենք գլխներիս։ Բա հիմի խի՞ ենք ըսենց վատացել, Արութին, բա չենք ամանչո՜ւմ։

— Էնդուր ենք վատացել, փչացել, կնիկ դառել, որ մեր պապին թողած, բելերին ենք պաշտում, ըղորթը թողած, մեզ սուտ բաներ են քարոզում։ Ընչի՞դ ա պետք, դու հիմի իմացար, թե ինչ մարդ ա ըլել մեր պապը։ Ով որ իր պապին չքաշի, նրա նման չըլնի, նա՛ պետք ա նրա հալալ թոռը չըլի։ Թե որ սաղ կմնամ, մեկ օր էլ կպատահենք մին մինի, էն վախտը էսպես բաների վրա շատ կխոսենք։ Ասած ա՝ «Սար սարի չի ռաստ գալ, մարդ մարդի ռաստ կգա»։ Դու ղոչաղ կաց, մենք հետո շատ բաներ կանենք։

— Քու բերանին մատաղ, Արութին։ Ասած ա, «Առաջին տեսնելիս, ընկեր, վրա էրկուսին՝ ախպեր»։ Մեկ էլ որ գաս, իմ ախպերը կըլես, իմ ախպորս անունն էլ էր Արութին, էնդուր ա իմ մերը քեզ որդու նման սիրում։ Ողորմած հոգին հարյուր թուրքի չէր ասիլ, թե աստված ա ստեղծել. թե որ նրա անունը մտքիցս կընկնի, քու անումն էլ կընկնի։ Հիմիկուց դենը դու իմ ախպեր Արութինն ես։

— Մենակ ես չեմ քո ախպերը, ինչքան որ հայեր կան, դիփ էլ մեր ախպերքն են, քու մերն էլ իմ մերն էլ ա, դիփունանց մերն էլ։ Պողոս, դու նրա սիրտը մխիթարի, պատիվը պահի, Քու օրումը նրան մի քաղցր խոսք չես ասած, մի անգամ նրա սիրտը չես շահած, էդ լավ չի, Պողոս, լավ չի, աստված չի վեր կալնիլ, կբարկանա գլխիդ։