Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նույն ոգով ու տրամադրությամբ է համակված նաև «Սերմնացան»-ը (1890 թ.): Աղայանի այս բանաստեղծությունը հայ աշխատավոր գյուղացու չարքաշ, կիսաքաղց վիճակի առաջին ռեալիստական պատկերներից է 19-րդ դարի հայկական պոեզիայում:


10

Աղայանի բանաստեղծական տաղանդի ամենանշանավոր երկը նրա «Տորք Անգեղ» դյուցազներգական պոեմն է, գեղարվեստորեն կատարյալ մի ստեղծագործություն, որ արտահայտում է դեմոկրատ հեղինակի նվիրական իդեալը մարդու, նրա բարոյական կերպարի, ինչպես և մարդկային սոցիալական հարաբերությունների մասին:

«Տորք Անգեղ»-ի նյութը Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ գրի առնված առասպելն է Անգեղյա Տորքի մասին, որը Խորենացին համարում է իրեն հայտնի բոլոր առասպելներից «սաստիկ մեծ առասպելը», «առասպելների առասպելը»[1]:

Հմտորեն օգտագործելով պատմական հնագույն ժամանակներում ստեղծված ազգային ժողովրդական այս գեղեցիկ առասպելը, Աղայանն ընդարձակել ու խորացրել է նրա թեմատիկ-գաղափարական բովանդակությունը և բարձրարվեստ բանաստեղծական հյուսվածքի մեջ, իր հասարակական-քաղաքական հայեցակետից, գեղարվեստորեն մեկնաբանել այն: Ըստ որում, անձնվեր հայրենասիրության հետ միասին, մարմնավորել է նաև սիրո երջանկության ու մարդկայնության իր իդեալը, որի արտահայտիչները Տորքի և Հայկանուշի կերպարներն են:

Ժողովրդական առասպելի հիմքի վրա Աղայանն ստեղծել է դյուցազներգական պոեմի առաջին օրինակը նոր շրջանի հայկական պոեզիայում:

Հնագույն առասպելը իմաստավորվել է Աղայանի ապրած ժամանակի այժմեականության խորապես առաջադիմական գաղափարներով, որոնց կենսունակությունը հարատևում է մեր ժամանակներում ևս:

Եթե պոեմի գաղափարական բովանդակությունը մի պահ առանձնացնենք նրա առասպելական բանաստեղծական «զգեստավորումից», ապա՝ կմնա «լեռնային հովվի» — Տորքի և Արամյան ամրոցի տիրուհու՝ Հայկանուշի ռոմանտիկ սիրո պատմությունը, ռեալիստական աշխարհազգացման հիմքով ու վսեմ բարոյական նշանակությամբ:

Տորքի և Հայկանուշի կերպարները միաժամանակ արտահայտում են Աղայան-մանկավարժի դաստիարակչական իդեալը, ըստ որի՝ մարդու մեջ պետք է ներդաշնակորեն միացած լինեն ֆիզիկական ուժը, հոգեկան-բարոյական առաքինությունները և մտավոր կարողությունները:

«Տորք-Անգեղ»-ում հեղինակը առաջադրում է նաև իր սոցիալական

  1. Մովսես Խորենացի — Պատմութիւն հայոց, գիրք Ա, գլուխ ԻԳ, գիրք Բ գլուխ Ը։