Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Ա

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱԶԳԱՍԵՐ ԵՎ ԹԱՓԱՌԱԿԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ

Հայաստանի հյուսիսային սարսարուտ գավառներից մեկի մեջ կա Հացիկ անունով մի գյուղ։ Այդ գյուղի հին ավերակներից և կիսակործան տաճարներից երևում է, և հին զրույցներն էլ վկայում են, որ այդտեղ մի ժամանակ մի մեծ մարդ է եղել կենալիս, և այդ մեծ մարդը եղել է հայոց, վրաց և աղվանից գրերի գտնողը։ Յուր ծննդարանին անվանակից գյուղում բույն դներով՝ հրեղեն Մեսրոպը յուր թռիչքն այդտեղից ուղղել է մերթ դեպի Սյունիք և մերթ դեպի Աղվանք։

Մի աշնանային գեղեցիկ օր հիշյալ ավերակների ստվերախիտ ծառերի տակ նստած էին երկու երիտասարդ, և ոգևորված սույն վայրերի անցյալի հիշատակներով՝ օդային ամրոցներ էին շինում, կրկին քանդում, կրկին նորոգում... Դրանցից մինը շատ նիհար էր, դեղներես, գլխի մազերը վաղօրոք թափված և դեմքի վերա ցավ, տխրություն, հուսահատություն և զզվանք դրոշմված։ Այդ տարաժամ ծերացած երիտասարդը մի թափառական ուսուցիչ էր եղած, իսկ այժմ այդ պաշտոնից զզված՝ չոլեչոլ էր ընկել և բուի պես հայրենի ավերակներն էր ողբում։ Մյուսը մի առույգ ու զվարթադեմ երիտասարդ էր, ազգային լրագիրներ կարդացած՝ հայի հառաչանք լսած, նրա սիրով վառված, և այժմ անհամբեր սպասում էր, թե երբ կլսի ազգային ցանկալի հրավիրական ձայնը, որ իսկույն բանաստեղծի ասածի պես՝ «Նժույգ ձի նստած՝ բեղերն