Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոլորած, ձեռքը սուր առած» օգնության հասնի։ Միքայել էր ուսուցչի անունը, իսկ ազգասերինը՝ Առստամ։ Դրանց խոսակցությունը անցյալից ներկային հասնելով՝ հետևյալ ոճն ստացավ.

— Միքայել, ես զարմանում եմ քո անհաստատամտության վերա,— ասաց Առստամը։— Էլ ինչո՞ւ համար է քո առած ուսումն ու գիտությունը, որ հիմա պետք է այդպես աննպատակ չոլեչոլ ընկած թափառես։ Ավելի լավ չի՞ լինիլ, որ մի տեղ հաստատ բուն դնես, քեզ օգնականներ հասցնես և բոլոր գյուղերը վարժապետներով լցնես։

— Առստամ, այդպես ասելն է հեշտ միայն, իսկ կատարելը շատ դժվար և մինչև անգամ անհնարին է,— պատասխանեց Միքայելը.— դու ի՞նչ կասես, եթե ես քեզ ասեմ, թե ինչո՞ւ ես դարտակ ա՜խ ու о՜խ քաշում, և զուր ժամանակ անցկացնում. ավելի լավ չի՞ լինի, որ գնաս Հայաստան մի հայասորաքրդական միություն կազմես և հարեմական բռնությունից ազատես քո հայրենիքը։

— Ինչպես ասացի՞ր — հայ-ա-սո-րա-քր-դա-կան... Քո տունը շինվի, Մի՛քայել, ո՞րտեղից ստեղծեցիր այդ ահագին բառը։ Դրա ասելն անգամ դժվար է, ուր մնաց կատարելը։ Եվ ի՞նչ համեմատություն, մի՞թե լուսավորություն տարածելը պատերազմելու չափ դժվարություն ունի։

— Ես կարծում եմ, որ տգիտության դեմ, խավարի դեմ, ապականարար ազդեցությունների դեմ պատերազմելը ավելի դժվար է։ Մի՞թե դու ինքդ չե՞ս տեսնում, թե որքա՜ն փչացել, որքա՜ն վատացել, որքա՜ն ապականվել է մեր ժողովուրդը թե՛ քաղաքներում և թե՛ գյուղերում առհասարակ։ Մի՞թե դու չե՞ս տեսնում, որ էլ գլուխ վայր դնելու տեղ չի գտնվում, միայն այդ խոսքն ասող Քրիստոս չկա, որ հավատան։ Մարդու կատարելության բուն նշանը վերացել է և նրա տեղը բռնել է մի կլոր խարան։ Նա է մեզանում մարդ համարվում, ում ճակատին որ դրոշմված է այդ խարանը, անխարան ճակատից դուրս եկած միտքը չվանի դնող չկա։ Գյուղացին սովորել է մի բան անել մտրակի ազդեցությամբ, իսկ մտրակը գտնվում է միայն խարանավորների ձեռքին։ Ժողովուրդը ինքնատյաց, յուրատյաց է դառել, նա գազանացել ու անասնացել է։ Նա