Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չարչիացել է, այս բառի մի նոր նշանակությամբը։ Նա փողի հետ փոխանակում է ամենայն ինչ մինչև իր ընտանեկան սրբությունն անգամ, նա ամեն ինչ կշռի ու կանգունի տակ է ձգել, և ինչ որ կարելի չէ ոչ չափել և ոչ կշռել, այն չկա նրա համար։ Առաքինությունը, ազնվությունը, վսեմը և բոլոր մյուս ոգեկան պահանջները, որոնք միայն մարդուն են հատկական, վերացել է մեր անասնարած և անբարոյականացած ժողովրդից։

Միքայելի այս խոսքերը թույնի պես էին թափվում Առստամի քնքուշ սրտի վրա։ Ճշմարիտ որ Միքայելը իբրև մի վիրավորված և գրգռված օձ, պատրաստ էր յուր մաղձն ու լեղին թափել ամեն բանի վերա։ Եվ այդ շատ հասկանալի է՝ գոնե ինձ, որ ուրիշ կերպ չեմ կարող մտածել, քան որ մտածում էր Միքայելը։ Ես նրա խոսքերի մեջ գտնում եմ միայն զուտ և անհերքելի ճշմարտություն ու պատրաստ եմ նրա ասածների տակ ստորագրել իմ անունը։

Առստամը երկար մտածելուց և Միքայելի ասածների ճշմարտությունն զգալուց հետո հարցրեց Միքայելին հուսահատ և խեղճացած ձայնով․

— Բայց արդյոք հույս չկա՞, որ մեր թեմական տեսուչները մի բան կարողանան անել, այդ հանրաճարակ ախտից ժողովրդին բժշկեն։

— Ես չեմ կարծում։

— Իսկ մեր հոգևոր իշխանությո՞ւնը։

— Առավե՜լ վատ։

— Եղբա՛յր, դու ինձ բոլորովին հուսահատեցնում ես։

— Այո՛, ես հավատացած եմ, որ հայասորաքրդական միություն հաստատելն ավելի դյուրին է, քան թե մեր ազգային լուսավորության հարստահարիչ բաշիբոզուկներին նվաճելը։ Ես հավատացած եմ, որ մարմին ազատելը ավելի հեշտ է, քան հոգի։ Մի աշխարհի հողն ու ջուրն ազատելն ավելի հեշտ է, քան թե նրա լեզուն ու կրոնը։ Դու ի՞նչ ես կարծում, Առստամ, այս ի՞նչ նոր քամի է, ի՞նչ նոր փոթորիկ, որ լուսավորության անունով բարձրացած, տակ ու վերև է անում մեր աշխարհը, մեր ընտանեկան սրբությունը, մեր կրոնն ու լեզուն, երկվություն ձգում հասարակության մեջ, երկպառակում, ջլատում նրա բարոյական և նյութական ուժը։ Ո՞վ և