Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և 20-րդ դ. սկզբի) հայ լեզվաբանների համեմատությամբ։ Եվ եթե հայ լեզվաբանության պատմաբաններն Աղայանին չեն դասում բանասեր-լեզվաբանների շարքը, դա վկայում է միայն հայ լեզվաբանական մտքի պատմության թերիմացության մասին: Մինչդեռ Աղայանի լեզվաբանական ժառանգությունը բավականաչափ հարուստ է, հարուստ ոչ միայն ծավալով, հոդվածների ուսումնասիրությունների քանակով, այլև, մանավանդ բովանդակությամբ՝ առաջադրված ու քննարկված հարցերի լայն ընդգրկումով:

Հազիվ թե կարելի լինի հիշել մի որևէ էական լեզվաբանական հարց, որ այս կամ այն չափով շոշափած չլինի Աղայանն իր աշխատություններում: Աղայանի միտքն զբաղվել է շատ ու շատ հարցերով՝ հայոց գրի ու գրականության սկզբնավորման հարցերից սկսած ու վերջացրած հայոց լեզվի քերականության և ուղղագրության՝ մեր օրերում իսկ դեռ վիճելի հարցերով: Ըստ որում այդ ամենով նա զբաղվել է ոչ հարևանցիորեն, այլ մասնագիտական եռանդով, բախվելով ու կրքոտ բանակռվելով գրեթե բոլոր իր ժամանակակից հայ և օտար հայագետների հետ, վիճարկելով նրանց առանձին ըմբռնումները և տալով իր ինքնուրույն լուծումն այս կամ այն խնդրին: Աղայանը կանգնած է եղել իր ժամանակի (19-րդ դարի վերջին քառորդի ու 20-րդ դարի սկզբի) հայ լեզվաբանական մտքի մակարդակին և շատ եզրակացություններով նաև միանում է մեր օրերին՝ հենց Մեսրոպ-Մաշտոցյան հոբելյանի ընթացքում արտահայտված հանրաճանաչ կարծիքներին:

Անգնահատելի համարելով Մեսրոպ Մաշտոցի մեծագործությունը՝ Աղաայանը նրան համարում է ամենամեծ ու ամենահանճարեղ հայը: Հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ մեծամեծ ու հանճարավոր գործիչներ շատ են եղել, բայց նրանցից ամենամեծը Մեսրոպն է. «հանճարով նմանը չի ծնված մեր աշխարհում մեծ, քան զՄեսրոպ», որն իր հանճարի լույսը պարգևել է ոչ միայն իր մայր ժողովրդին, այլև հարևան երկու ազգերին՝ վրացիներին ու աղվաններին՝ նրանց համար ևս գիր հնարելով (հ. II, էջ 289)։

Իր հոդվածներից մեկում այն ճիշտ միտքը հայտնելով, թե նշանավոր մարդկանց մեջ պատվում և պաշտում ենք նրանց կատարած օգտակար և սուրբ գործը, այլ ոչ նրանց ներքին համոզմունքը, նրանց ազգությունը կամ կրոնը» (հ. III, էջ 333),— Աղայանը հայ նշանավոր մարդկանցից առաջինը նշում է Մեսրոպին, որպես բարձրագույն պատվի ու պաշտամունքի արժանի մարդու, ասելով, որ մենք «Մեսրոպին պաշտում ենք ոչ իբրև հայի կամ եկեղեցականի, այլ նրա համար, որ գիր տվավ մեզ» (հ. III, էջ 333):

Աղայանը հայոց գրերի գյուտը համարում է անհամեմատելի մեծագործություն. որի շնորհիվ միաժամանակ երեք հարևան ժողովուրդների հոգևոր մշակույթի սկիզբն է դրվում (հ. III, էջ 289): «Անահիտ» զրույցում Մեսրոպը պատկերացվում է, որպես «Աղվանից աշխարհի» մեծ լուսավորիչ, որն այնտեղ դպրոցներ է հիմնում և իր աշակերտների միջոցով գրագիտություն տարածում երկրի բնակչության մեջ: Զրույց-հեքիաթի հերոսուհին՝ Անահիտը Մեսրոպի անունով նշանավորված Հացիկ գյուղումն է ծնվել ու լուսավորվել: «Աղվանից թագավորի միակ ժառանգը» Վաչագանը՝ Մեսրոպի աշակերտներից է» գրագիտություն սովորում նույն Հացիկ գյուղում (հ. I, էջ 144—145),