Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առստամի հետ։ Տերտերն էլ կգնար ուրախությամբ, եթե ինքն իր տանը չլիներ։

Ահա այսպես կայացավ և վերջացավ գյուղացոց ուսումնական խորհուրդը։


Գ
ՆՈՐ ԽՆԴԻՐ

Երբ որ ժողովուրդն այդպես քաշվեց հեռացավ, մեր տեսչի գլխին սառը ջուր մաղվեց։

— Տեր աստված, ես ի՞նչ էի երևակայում և հիմի ի՜նչ եմ տեսնում,— ասում էր նա ինքն իրան։— Այս սարերի գլխին, ձորերի միջին մատնությո՜ւն, դավաճանությո՜ւն, սպառնալի՜ք․․․ Զարմանալի բան է։ Ե՞րբ ցանվեցավ այս անմեղ սրտերի մեջ սատանայի այս չար որոմը․․․

Մեր տեսուչը պետք էր որ զարմանար, ըստ որում դեռ նոր էր, կամ ինչպես կասեն՝ դեռ խամ էր։ Նա կարծում էր, թե մեր գյուղացիք հին նահապետական պարզության մեջ պետք է լինին և եդեմական անմեղությունը պահած, և այդ պատճառով դեռ թեմական տեսուչ չեղած, սաստիկ բարկանում էր եղած թեմականների վերա ասելով. «Այնպիսի մարդկանց են տվել այդ պաշտոնը, որոնք ոչ ժողովրդի լեզուն գիտեն և ոչ նրա հետ վարվելու եղանակն են իմանում։ Փափուկ մեծացած, իրանց օրումը ձի չնստած, էլ ինչ ասել կուզի, որ այդպիսի մարդիկը չեն կարող կառքի ճանապարհից աջ կամ ձախ շեղվիլ, ձորերի մեջ մտնել, սարերի վերա բարձրանալ, ցրտի ու տաքի դիմանալ, մի տեղ ոտքով ման գալ, մյուս տեղ ձիով, ձի չեղած տեղը ջորու և իշի վրա նստել, անչայ մնալ, ցամաք հաց ուտել, պաս պահել... չէ՛, դրանք ոչինչ չեն կարող անել»... Բայց հիմա տեսնում էր, թե որքան սխալված է եղել ինքը, և որքան սխալ էր նույնիսկ իր տեսությունը սկզբից մինչև վերջը...

— Պարո՛ն տեսուչ, շատ մի՛ մտածեք,— ասաց Միքայելը։— Այսպես է ահա՜ մեր ժողովուրդը՝ ինչպես տեսնում եք...