Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու շատ սխալվում ես, սիրելիդ իմ Գրիգոր։ Ես ոչ միայն կծելու չափ ուժ ունիմ, այլ քեզ իմ օգտին հաչեցնելու իրավունք էլ ունիմ։

— Այդ ես չեմ հասկանում։

— Գիտեմ, որ չես հասկանում, եթե հասկանայիր, այդ պաշտոնը չէիր առնիլ վերադ։

— Խնդրեմ բացատրես։

— Շատ լավ, դե լսի՛ր։ Ահա միասին կերթանք առաջներիս գյուղը։ Ես, ինչպես որ ինձ հրամայված է պիտի հորդորեմ և թե ստիպեմ, որ ուսումնարան բանան։ Այդ արդեն որոշված է, վարժապետն էլ արդեն նշանակված է։ Դու իմ կշտին կլինիս, ինչ որ կասեմ, կլսես։ Բան է, եթե ես կարոտ եղա քո օգնությանը, պիտի դիմեմ քեզ, և դու իրավունք չունես ինձ չօգնելու։ Ուրեմն ինչ որ ես ասեմ, դու պիտի արձագանք տաս, պիտի ասես. «աղան լավ է հրամայում, ինչպես հրամայում է, այնպես արեք»։ Դու որ կաս, ուրեմն իմ պոչն ես, իմ կարկատանը։ Դու իբրև պոչ՝ կարող ես մերթ ծալվիլ և մերթ գալարվիլ, մի խոսքով ազատ շարժվելու իրավունք ունիս, բայց ազատվիլ, անջատվիլ, կտրվիլ ինձանից կարող չես, պետք է միշտ հետևիցս քաշ գաս, չես կարող առաջս ընկնիլ։ Եթե խրթին է ասածս, լավ սերտիր քեզ տված հրահանգը, և կտեսնես, որ այնտեղ ավելի կոկ և քաղաքավարի լեզվով է ասված, ինչ որ հիմի ես քեզ ասում եմ ընկերաբար։

— Ես կարդացել եմ և շատ լավ գիտեմ քո հիշած հրահանգի բովանդակությունը։ Այնտեղ ասված չէ, որ ես իրավունք չունիմ իմ սեփական ուսումնարաններն ունենալու։

— Ես չեմ ասում, թե իրավունք ամենևին չունիս, այլ թե այնքան ունիս, ինչքան ամեն մի աղքատ ունի... իր տիրոջ սեղանի փշրանքների վերա։ Չէ՛, ես տեսնում եմ, որ դու քո և իմ իրավունքների տարբերությունը լավ չես ուսումնասիրել, եթե լավ ուսումնասիրած լինեիր, կտեսնեիր, որ քո իրավունքր իմ իրավունքի զրոն է։ Ես մեկ, դու էլ զրո, ես կդառնամ տասը, իսկ դու կմնաս դարտակ զրո։ Դու իրավունք ունիս ամեն մի եկեղեցու մոտ մի ուսումնարան բանալ, ինչպես բոլոր մոլլաները իրավունք ունին իրանց մեչիդին կից մի մոնթարան ունենալ։ Այդ իրավունքը վայելում են բոլոր կրոնի