Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգևորականները։ Բայց տե՛ս, ես ի՛նչ իրավունք ունիմ: Ես իրավունք ունիմ ամեն մի հասարակության մեջ ուսումնարան ունենալու։ Եկեղեցին քոնն է, իսկ հասարակությունը, ժողովուրդը՝ իմը։ Եկեղեցին առանց հասարակության զրո է, այս բանը Մսերյանի հավատապատումն էլ կասի քեզ։ Ես երբ որ հասարակության մեջ մի ուսումնարան եմ բաց անում, որի աշակերտները միավորներից են լինում բաղկացած, իսկույն քո զրոները գալիս են նրանց կպչում և ես ունենում եմ տասնավոր աշակերտներ, իսկ դու՝ ոչինչ։ Հասկանո՞ւմ ես, սիրելի ազգասեր, ի՞նչ եմ ասում։ Բայց այս դեռ ամենը չէ։ Ես իմ ձեռին ունիմ հարուստ գանձարան, կարող եմ նոր հարկ էլ դնել ամեն մի հասարակության վերա. իսկ դու ոչ մինն ունիս և ոչ մյուսը։ Քանի՞ կոպեկ կարող ես գոյացնել քո աջահամբույրներից, կամ ի՞նչ միջոց ունիս այդ կոպեկներն ազատել քո գիշատիչ ագռավների ձեռքից։

Թեմական տեսուչը գլուխը քաշ ձգեց, իբր արհամարհելով իր պաշտոնակցի ասածները, և սկսեց գայլի ու գառան առակը մրմնջալ քթի տակին։ Չգիտեր ի՞նչ պատասխան տա իր զորեղ հակառակորդին՝ ճարը կտրված մանկավարժական օրենքների պաշտպանությանը դիմեց, որ ցույց տա, թե այնուամենայնիվ արդարությունն իր կողմն էր։

— Հասարակությունը կարող է չհամակրել ձեր տված հակազգային կրթությանը, և ավելի լավ կհամարե իր ազգային ուսումնարանը պահել և ազգային կրթություն տալ իր որդոցը։

— Այդ հանգամանքի առաջքն առնելը հեշտ է։ Հասարակությունը կրթության մեջ զանազանություն անել եթե գիտե, այն ի վնաս ձեր է, ըստ որում մերն է գերադասում, իսկ եթե մինը նրանցից սկսե հակառակը պնդել, իսկույն կերևի, որ ուրիշի թելադրությամբն է դատողություն տալիս և մի քանի հարց որ փորձից հետո կխոստովանի, որ ինքն էլ չի իմանում, թե ինչ է ասում, այլ թեմական տեսուչն է սովորեցրել նրան։

— Ի սեր աստծո, թող քո այդ սպառնալիքը։ Մի՞թե գյուղացին չի իմանում, որ երեխան իր մայրենի լեզվով ավելի կհասկանա ինչ որ իրան ասում են, քան թե օտար լեզվով...