Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՛չ, գյուղացին այդ չգիտե։ Նա չի իմանում, որ բացի լեզվից, ուրիշ բան էլ են սովորեցնում ուսումնարանումը։ Նա ուրախ է, որ իր որդին մի օտար լեզու է սովորում, օտար լեզվով խոսում։ «Հայերենը գիտե ու գիտե, ասում է նա, ես ուզում եմ, որ մի ուրիշ լեզու էլ գիտենա, չունքի ասած է՝ մարդս քանի լեզու որ գիտե, այնքան մարդ է»։ Բայց եթե կլինին ճշմարիտ այնպիսի գյուղեր, որ կուզենան անշուշտ, որ իրանց որդիքը հայերեն էլ սովորեն, մենք կարող ենք «շաբաթվա մեջ մի դաս էլ հայերեն նշանակել...

— Բայց ձեր արածը մանկավարժության օրենքներին, բարոյակրթության հիմունքներին, ազգայնության սուրբ սկզբունքներին գլխովին հակառակ է...

— Ո՞վ է ասում այդ, ով հաստատեց, որ այդ ճշմարիտ է: Թող, ի սեր աստծո, այդ ցնորքը։ Եթե մարդիկ տարեցտարի փոխում են իրանց նիստ ու կացը, իրանց կերակուրն ու հագուստը, իրանց սրբազան համարած ծեսերն ու ադաթները, իրանց լեզուն ու կրոնը, էլ ի՞նչ ես ուզում, տեսնում ես, որ ամենայն ինչ փոխվում է և փոխվում է այնպես, ինչպես որ տիրող քաղաքական օրենքներն են պահանջում։ Այդ ո՞ր մանկավարժությունն է, որ հերքում է այդ աշկարա բանը, ո՞ր մանկավարժական օրենքներն են, որ քաղաքական օրենքների դեմ մրցելու չափ ուժ ունին, մեկ ասա տեսնեմ...

— Գիտես ի՞նչ կա, Նազար աղա, այդ բոլորը քեզ այդպես թվում է, ըստ որում գրքի մի երեսն ես կարդացել միայն և այն էլ լրիվ չես կարդացել։ Քաղաքական օրենքներից ավելի օրենքներ կան, դոքա ասվում են պատմական օրենքներ: Եթե դու բարոյակրթության կանոններն ու օրենքները խելացնոր բաներ ես համարում, այսուամենայնիվ չես կարող հերքել պատմական օրենքները, որոնք շատ խիստ են, շատ անաչառ։ Այդ արդարադատ և աստվածային օրենքների հիման վերա, միշտ խամ, միշտ թմրած չի մնալ մեր ժողովուրդը, կզարթնի նրա ինքնասիրությունը, ինքնապատվությունը, այդ կետին նրան կհասցնե ժամանակակից համաշխարհական անիվը հառաջ շարժող ազգայնության հոգին։ Այդ զորության ազդեցությամբ մենք արդեն մեր ձեռին ունինք գրականություն, լրագիր, ամսագիր և, թեև սակավաթիվ, ունինք