Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

հատիկը սեղանի մեծություն ունի, որ օձը չորս ոտն ունի, և այլ այսպիսի բաներ, մին քան զմյուսը հրաշալի։ Ծիծաղելին ավելի այն էր, որ վարդապետներն ու վարժուհիները չէին իմանում, թե իրանց սաները ինչ նորանոր գյուտեր էին անում և ծիծաղում էին հանդիսատեսների հետ միասին, կարծելով՝ թե նրանք իրանց սաների տված սուր պատասխանների վրա էին խնդում։ Վարժապետների չիմանալու պատճառն այն էր, որ թեմական տեսուչը հայերեն էր անում իր հարց ու փորձը մարդավարի ոճով։ Ասում են՝ ժեմչուժնոյե զերնո, որ ասում եք, դա ի՞նչ բան է։ Եվ մանուկներն սկսում էին վայրիվերո բաներ ասել։ Նրանց հանդուգն ստախոսությունը անամոթության էր հասնում, ըստ որում այդպես էին մարզված խեղճերը, ամբոխին շլացնելու և նրանց աչքին թոզ փչելու հրահանգ էին ստացած իրանց հակակրթիչներից․ «չգիտեմ», «չեմ իմանում» ասել չունեին, ու դեռ ոչինչ չգիտեցած՝ արդեն ամենագետ էին։

Այդ ուսումնարանների մի անկյունում տեղ էր նշանակված և հայոց լեզվին, որ շաբաթը մի անգամ երևում էր շաբաթ օրերը, այն էլ երբեմն միայն։ Անմեղ և անմիտ երեխայոց աչքում իրանց մայրենի լեզուն ու կրոնը ծաղրելի կացուցանելու համար դրանից լավ հնար չէր կարող մտածել։ Քահանա ուսուցիչը մի ծաղրի առարկա էր այդտեղ ամենի համար։ Նրան անպատվում էին ամենքը, թե՛ հասկացողները և թե՛ չհասկացողները, տեսնելով, որ նա իր ազգի կրոնն ու լեզուն խոզերի ոտի տակն էր ձգում շատ էժան գնով։ Նա ամենայն անպատվություն սիրով կրում էր միայն նրա համար, որ իր ստացած ամսական մի քանի մանեթիցը չզրկվի։ Ուսումնարանի ուղղությունն այնպես էր, որ աշակերտներից ով ինչքան վատ էր սովորում իր մայրենի լեզուն, նա այնքան բարձր թվանշան էր ստանում իր չարած հառաջադիմության համար, իսկ եթե մեկը բնավ ոչինչ չէր սովորած լինում, ամենից լավ թվանշանը նա էր ստանում։ Հայ քահանան չէր խղճահարվում ոչինչ չգիտցող աշակերտին հառաջադիմության ամենաբարձր աստիճանի թվանշանով պատվելու, փոխանակ զրո գրելու։ Այս տեսակ ծառայություն մատուցելու հոժարակամ քահանաների թիվը շատ-շատ էր, դրանցից յուրաքանչյուրը մյուսի հացը կտրելու համար՝ հարկավոր տեղերում չէր ասում, որ եղած