Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամենում եք մեր ինսպեկտորին հարցրեք, նա ձեզ կասե, որ այդ սուտ է։

— Գիտեմ, որ նա կասե, բայց ես նրա վկայությանը չեմ դիմիլ, այլ իմ ապացույցովս կդիմեմ ում հարկն է...

— Կարող եք դիմել, բան չունիմ ասելու, բայց երդվում եմ կարգովս, որ այդ զրպարտություն է։ Այդ բանը տեր Մրթուզը պիտի լինի ձեզ ասած, ըստ որում աչք է ձգել իմ պաշտոնի վրա։

— Դուք իզուր եք այդպես կարծում. այդ բանին ես ինքս անձամբ վերահասու եմ եղել։ Անցյալ օրը դուք մեռելի վրա էիք, ուսումնարան չէիք գնացել, բայց ցուցակումը գրված է, որ գնացել պարապել եք...

— Ի՞նչ ասեմ, ես քահանա մարդ, իմ խոսքին չեք հավատում, ցուցակին եք հավատում։

— Ո՛չ, ցուցակին էլ չեմ հավատում, գիտեմ որ այնտեղ սուտ է գրված։ Ես լսել եմ, որ դուք սրբազան պատմությունն էլ հայերեն չեք սորվեցնում։

— Այդ որ կատարյա՜լ զրպարտություն է. մեր տեսչին հարցրեք, եթե ինձ չեք հավատում։

— Տե՛ր հայր, ես ոչ ձեզ, ոչ ձեր տեսչի հետ վիճելու միտք չունիմ, ես միայն քեզ եմ զգուշացնում։ Եթե վաղը մյուս օրը պաշտոնիցդ զրկվիս, էլ ինձ չմեղադրե՛ս։

— Պարոն տեսուչ, ի սե՜ր աստծո, ինձ մի կտոր հացից մի զրկեք, ես խեղճ եմ։ Դե ես ի՞նչ անեմ, եղբայր, գլուխս ո՞ր քարովը տամ, մնացել եմ երկու կրակի մեջ այրվելիս, ինչպես կասեն՝ վերև եմ թքում երեսս է, ներքև եմ թքում՝ մորուքս է։ Ես ո՞ր ջուրն ընկնեմ, ես ի՞նչ անեմ, որ ինձ ստիպում են..․

— Մի՛ անիր, հրաժարվի՛ր...

— Միևնույն է, ես չանեմ, ուրիշը կանեե և գուցե ինձանից էլ վատ։

— Նրան էլ կհրաժարեցնեմ։

— Բայց դուք էլ երբևիցե կհրաժարվիք, պարոն տեսուչ։ Ձեր տեղ մի ուրիշը կգա և այդ բանին ուշադրություն չի դարձնիլ։ Կուժն ու կուլան հենց իմ գլխիս եք ուզում կոտրել։ Եթե զորություն ունիք, գործ դրեք ում վրա հարկավոր է, մեզանից