Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՞նչ եք ուզում, մեր ձեռին ի՞նչ կա։ Ո՞վ է այնքան սուրբ, որ ծովն ընկնի ու չխեղդվի։ Համարենք թե ես հենց այնպես դաս տվի, ինչպես դուք եք հրամայում, բայց ես հո չե՞մ կարող շաբաթական մի դասը չորսը հինգ շինել։ Մի դասով ես ի՞նչ արդյունք կարող եմ ցույց տալ, շատ էլ որ ուզենամ։

— Ես այդ դասերի թվի մասին խոսելու եմ ձեր տեսչի հետ։ Դուք աշխատեցեք միայն ձեր աշակերտաց վրա փոքր-ինչ բարոյական ազդեցություն գործել, ինքնասիրության, ինքնապատվության զգացմունք զարթեցրեք նրանց մեջ, ազգայնության գաղափար տվեք, եթե ոչ՝ ձեր աշակերտները գլխովին հակակրթվում, զրկվում են բարոյական վսեմ զգացմունքից, կապկանում, ապշանում են և խորթ ու ապօրինի զավակներ են դառնում իրանց հայրենիքի, իրանց հասարակության համար և անշունչ արձաններ՝ իրանց ազգային գրականության համար, ըստ որում ոչ կարգին գրել գիտեն և ոչ մարդավարի կարդալ։ Բնական է, որ մարդ չսիրե այն, ինչ որ ինքը չունի, չհամակրե այն բանին, ինչ որ իրանը չի համարում։

— Պարոն տեսուչ, այդ շատ լավ եք հրամայում, ո՞վ կուզի որ իր աչքը կույր լինի, բայց այդ բոլորը կախված է ուսումնարանի ծրագրից, նրա ուղղությունից, նպատակից։ Եթե ամբողջ ուսումնարանի շենքն ուրիշ կերպ է, ես ի՞նչ կարող եմ անել, որ նրա ձախ անկյան գայթակղության մի քարն եմ միայն։ Չէ՛ որ ձեր ասածն անկարելի է, սուտ ասել չեմ կարող։

— Լավ է ուրեմն, որ մեր կրոնն ու լեզուն այդտեղից իսպառ վերանան։ Կամ լինին այնպես՝ ինչպես պետք է, կամ բնավ չլինին, որպեսզի մեր ազգային միակ սրբությունը՝ ծաղրածության առարկա չդառնան։

— Այդ ուրիշ բան է, պարոն տեսուչ, այն ժամանակ ես էլ կասեմ, որ եթե ես իմ հացիցը զրկվեցա, գոնե ուրիշներն էլ չկերան...

1881