Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նվիրվածությամբ է ծառայել իր մայր ժողովրդին և մեծ գործ է կատարել, մանավանդ մանուկ սերնդի կրթության ու դաստիարակության ասպարեզում: Շահումյանն ասում է, որ «Աղայանն իր կյանքում փնտրել է միշտ ճշմարտությունը և ցանկացել է օգտակար լինել ժողովրդի համար», ըստ որում և «կարողացել է հայկական ճահիճում (այսինքն՝ հայ իրականության մեջ գերիշխող հետադեմ միջավայրում—Ա. Ա.) երկար տարիներ պահպանել իր բարոյական մաքրությունը և գաղափարականությունը»:

Շահումյանը շատ բարձր է գնահատում Աղայանին, որպես գրողի և «օրինակելի մանկավարժի», որպես «մաքուր, բարոյական կյանքով» ազնիվ քաղաքացու, որը լավ օրինակ է եղել իր ընկերների և աշակերտների համար» և ամենքի մեջ, ում հետ շփվել է, զարթեցրել է ամենալավ զգացմունքներ, ներշնչել ամենաազնիվ ձգտումներ»:

Հեղափոխական երիտասարդության անունից այդպես «պատվելով սիրելի հոբելյարին», Շահումյանն իր ոգնշունչ խոսքը վերջացնում է սրտագին բնութագրական կեցցեներով, ըստ արժանվույն գնահատելով ազնիվ դեմոկրատ գրողի ու մանկավարժի ժողովրդանվեր գործունեությունը:

«Կեցցե՛ նա, ով իր կյանքում փնտրել է միշտ ճշմարտությունը և ցանկացել է օգտակար լինել ժողովրդի համար:

Կեցցե՛ նա, ով զգալ է տվել մեզ հայերենի քաղցրությունը, գեղեցկությունը և հասկացրել է մեզ՝ ժողովրդի զավակ լինելով, թե որտե՛ղ են թաքնված մեր տաղանդները, մեր ստեղծագործական ուժերը:

Կեցցե՛ նա, ով եղել է միաժամանակ և՛ զինվոր հայ ժողովրդի համար, և՛ վերքեր է ստացել ծերուկ հասակում:

Կեցցե՛ մեզ երիտասարդներիս, մինչև անգամ իր սխալներով, անհաջողություններով, դեպի կյանք, դեպի գործ տրամադրող Ղազարոս Աղայանը»[1]։

Երիտասարդ մարքսիստ հեղափոխականի այս «կեցցեներում» ճիշտ կերպով բնութագրված է Աղայանի ամբողջ գործունեությունն ու հասարակական-բարոյական դեմքը, որպես ազնիվ դեմոկրատի, որ ժողովրդի ծոցից էր դուրս եկել և իր ամբողջ գործունեությամբ անձնվիրաբար ծառայեց ժողովրդին:

  1. Ստ․ Շահումյան — Երկեր, հ․ 1 էջ 40։