Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1

Խրամ գետի մի լայնացած հովտում մի փոքրիկ գյուղ կար Շինակ անունով։ Այս գյուղն այժմ այլևս չկա. մի թունդ երկրաշարժի ժամանակ Խրամից մի ահագին քերծ փլվելով՝ ամբողջ գյուղն իր տակովն արավ, և հիմա նրա տեղը մի ահագին քարաբլուր է կանգնած։

Այս անցքը հայտնի չէ նույն տեղի մոտակայքում այժմյան կենողներին, որովհետև նրանք ամենքն էլ նորեկ գաղթականներ են և չգիտեն մինչև անգամ, թե ովքեր են եղել կենալիս այժմ իրանց մոտերքում եղած բազմաթիվ ավերակ գյուղատեղերում։

Այժմյան բնակիչներից ճարպիկ քարագնացները, մեղու որսալու նպատակով, մտնում են այս ու այն անմատչելի քարայրը, և փոխանակ մեղվի, գտնում են արծաթի և ոսկու հին դրամներ, պղնձի ամաններ, և նույնիսկ մեռած մարդկանց կմախք՝ երբեմն բոլորովին անվնաս և անփուտ մնացած։ Միևնույն քարայրում, որոնք պատուհանի պես շարված են Խրամի անմատչելի ժայռերում, գտնում են ուրիշ ոչինչ, բայց միայն մի դիակ, դեպի արևելք պառկած, ձեռքերը կրծքին խաչած։ Այս ձևով մեռածների համար ասում են, որ ճգնվելիս են եղել նույն քարայրի մեջ, ուր և ավանդել են իրենց արդար հոգիքը։

Այս տեսակ խրամների բնակիչների մեջ ճգնության մի առանձին հակումն է երևում, և այդ հակումը, որ հիմա շատ