Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ թե չէ, պետք է կնիկ բերես տունդ, տանուտեղիդ տիրություն անես։

— Շատ լավ ես ասում, մոքիր,— պատասխանում էր Մարկոսը,— ես էլ եմ տեսնում, որ տուն պահողը կնիկն է, անկնիկ տուն չի պահվիլ, բայց ի՞նչ անեմ, որ սիրտս չի քաշում, համ էլ ամաչում եմ։ Գնամ ո՞ւմ ասեմ՝ արի իմ կնիկս դառ։

— Այդ ի՞նչպես կարելի է. իհարկե, դու չես գնալ մեկին ասիլ՝ ա՛րի իմ կնի՛կս դառ։ Դու միայն կա՛մք տուր ինձ, ես ինքս շատ լավ կնիկ կճարեմ — մի սիրուն շարմաղ աղջիկ, նամուսով, ղայրաթով, տնարար, մի խոսքով՝ մի ժրաջան տանտիկին, որ քեզ էլ պահի, իրան էլ։

— Շատ լավ ես ասում, մո՛քիր, հենց այդպես էլ պետք է անել։ Բայց դե՛ հիմա դեռ ամառն է. աշունքը գա՝ ես քեզ կասեմ, կերթաս մեկին կուզես։

Եվ միշտ այսպես էր ասում Մարկոսը։ Ամառն ասում էր՝ աշունքը գա, աշունքն ասում էր՝ ձմեռը գա, իսկ ձմեռն էլ ասում էր,— արդեն ձմեռն անցավ, գարունը գա, կհոգանք այդ մասին։ Գալիս էր գարունը, բան ու գործի թունդ ժամանակը, ասում էր՝ սպասի՛ր դեռ գործից պրծնենք։ Եվ այսպես ամեն անգամ մի առիթ էր գտնում և իր ամուսնությունն ուշացնում, որովհետև չուներ ներքին մղումն, ձգտումն, չուներ ամուսնանալու փափագ ու ցանկություն։


2

Մարկոսի մորաքույրը՝ Գյուլնազ աքիրը, համ Մարկոսին ստիպում էր, որ աղջիկ ուզի, համ ինքը մորից պակաս սրտացավ չէր դեպի նրա ունեցած չունեցածը։ Այնպես էր պահում, պահպանում տունը, որ Մարկոսը այս կողմանե ոչ մի պակասություն, ոչ մի նեղություն չէր զգում։ Ուղիղն ասած՝ Գյուլնազ աքոր նպատակն էլ այն չէր, որ Մարկոսի համար կին ուզի, որ ինքը թեթևանա գործից, ո՛չ, նա մի շատ ժրաջան և աշխատասեր կին էր, նա յոթ տուն էլ ուրիշ կպահեր, և հենց պահում էլ էր։ Մարկոսի տունն ու իրանցը կառավարելուց հետո նա ուրիշներին էլ էր օգնության հասնում։ Մեկը նոր