Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ծննդկան էր լինում, հասած աղջիկ, տագրակին կամ սկեսուր չէր ունենում, որ տան հոգսը քաշեն, և ուրիշ այս տեսակ դեպքերում Գյուլնազ աքիրն իսկույն հասնում էր օգնության։ Նրա նպատակն ուրեմն բուն իսկ Մարկոսի ամուսնանալն էր, որ նա կնոջ ու զավակի տեր դառնա, հորական, պապական օջախը վառ պահե, չհանգցնե։

Բայց տեսավ որ Մարկոսը ցանկություն չունի ամուսնա¬նալու, ուզեց մի հնարքով ջերմացնել նրա պաղ սիրտը։ Իր այս նպատակին հասնելու համար ուզեց մեկ միջի սարքել, այսինքն գյուղի բոլոր աղջկերանցը հավաքել Մարկոսենց տանը բուրդ գզելու համար։

Ի՞նչպես կարելի է,— ասաց ինքն իրան,— որ Մարկոսը այնքան աղջիկներից մեկնումեկին չհավանի, չսիրի։ Սրա համար մեկ օր ասաց Մարկոսին.

— Քեզ համար շալ ու շալվար պետք է գործել տամ․ հարսնքություն էլ գետնագործ չուխացու։ Վաղն ուզում եմ միջի սարքեմ. աղջկերք հավաքեմ, որ գան բուրդը գզեն։

— Այդ քո բանն է,— ասաց Մարկոսը,— դու ես իմանում, ինչպես գիտես այնպես արա։

— Մենակ իմ բանը չէ, քո բանն էլ է։ Դու պետք է տանը կենաս, բուրդ կրել է, դես է, դեն է, պետք է մի քանի հավ մորթես, փայտ կտրտես, կրակ անես, ես ինչ գիտեմ, հիմա միտս չի գալիս, որ մեկ֊մեկ ասեմ, թե ի՛նչ պետք է անես։

— Շատ լավ, ինչ որ կասես, ես էլ այն կանեմ։

Մյուս առավոտյան վաղ֊ վաղ եկան հավաքվեցին մինչև տասը քսան նորահաս աղջկերք, մի֊մի սանդերք ձեռներին, մինը քան զմյուսը թարմ, առողջ, գեղեցիկ և առույգ։ Նրանք ամենքն էլ սրահումը կարգով նստոտեցին ծալապատիկ, և սանդերքներն առաջներին դրած՝ սկսեցին իրանց գործը՝ բուրդ գզելը։ Հետը գզում, հետն էլ ասում, խոսում, խնդում, ծիծաղում էին, զանազան սրախոսություններ անելով։ Մեջները գլուխ կապած՝ երեսները ծածկած նորահարսներ էլ կային։ Նրանց վրա ավելի էին ծիծաղում դեռ ամուրի և համարձակ ազատ աղջկերքը, որոնք դեռ բերանաբաց և գլխաբաց էին, և միայն մի֊մի չթի աղլուխ ունեին գցած գլխներին։ Սրանց ասել խոսելն ընդհատվում էր իսկույն, երբ մոտներովն անց էր