Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենում Մարկոսը. այդ ժամանակ սկսում էին միայն քթերի տակին, գլխները քաշ գցած՝ շշնջալ, փսփսալ, քչփչալ։ Մարկոսը նրանցից ավելի էր ամաչում, և ոչ ոքի երեսին չէր մտիկ տալիս։ Գյուլնազ աքիրը նկատում էր այս և իր մեջումը շատ բարկանում Մարկոսի վրա։ Նա տեսնում էր, որ իր բոլոր ջանքերը զուր պետք է անցնի, բայց դարձյալ չէր հուսահատվում։ Նա տեղի անտեղի Մարկոսին կանչում էր, մի բանի դնում, որ շուտ֊շուտ դուրս ու տուն անի և սկսի փոքր֊ինչ ընտանենալ։

Մեկ ասում էր՝ եկ կրակի տակն արա, մի քանի փայտ բեր կրակին դիր. մեկ ասում էր՝ փարչը տար՝ կժիցը ջուր ածա. մեկ թե՝ ես պարապ չեմ, ա՛րի այս բուրդը տար այն հարսների մեջ բաժնի։ Սրա վրա փրթկացնում էին բոլոր սատանա աղջկերքը և իրանց խորին լռությունն ընդհատում բարձրաձայն ծիծաղով։

Մարկոսը կատարում էր մորաքրոջ հրամանները, և չէր իմանում, թե ինչի վրա են ծիծաղում աղջկերքը։ Այսպիսով քիչ-քիչ բացվեց Մարկոսի երեսը և մինչև անգամ ինքն էլ սկսեց նրանց հետ խնդալ և նայել սրա֊նրա երեսին՝ թե՛ ուղղակի և թե աչքի տակովը։

Եվ մեկը ամենից շա՜տ դուր եկավ Մարկոսին․․․

Գյուլնազ աքիրը շարունակեց իր ստիպմունքները, մինչև՝ Մարկոսին ենթարկեց մի սիրավիպական արկածի, հովվերգական պատկերով։

Երբ որ աղջկերքը առավոտյան ճաշն արին և այս ու այն կողմ քաշվեցին փոքր֊ինչ հանգստանալու և օդափոխվելու, Գյուլնազ աքոր մոտ մնաց մի սիրունիկ աղջիկ միայն, և հենց նա ինքը, որ ամենից շատ էր դուր եկել Մարկոսին։

Գյուլնազը, կարծես գիտությամբ, նայեց Մարկոսի վրա, և մի առանձին գթաշարժությամբ բացականչեց.

— Քոռանամ ու կուրանամ ես, երեխիս յախի կոճակը կտրվել է, աչքս էլ չի տեսնում, որ մի ասեղս թելեմ, կապ տամ, մինչև կոճակը կկարեմ։

Եվ դառնալով դեպի սիրուն աղջիկը՝ ասաց.

— Նախշուն ջան, Նախշուն, մի հենց մուրազիդ հասնես, առ այս ասեղը թելիր և մի կապ տուր երեխիս յախին։