Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավանեցի՞ր թե չէ։ Նա արդեն իր նպատակին ավելի էր հասել, քան թե կարող էր գուշակել։ Էլ չափ չկար այն ուրախությանը, որ նա զգում էր իր մեջ լուռ ու մունջ։

Գյուղն արդեն դմբում էր այս անցքի առիթով, որովհետև բոլոր աղջկերքը վրա հասան, տեսան, ջուր ածեցին վրաները, ետ բերին, հետո չավ արին գեղովը մեկ, լուն ուղտ շինելով, մեկը հարյուր, ծաղկացրած, զուգած, զարդարած.

— Վո՜ւյ, ա՛խչի, քոռանամ ես... վո՜ւյ, թուք ու մուր գա երեսիս... Այս ինչեր են ասում, ինչեր են խոսում,— ասում էր մի հարսը, որ ինքն էլ չէր իմացել, թե ինչպես են մարդու տվել իրան, և իր մարդու երեսը՝ պսակվելուց մի ամիս էլ անցած՝ հազիվ էր տեսել։ Խեղճին նշանել էին թե չէ՝ խնամոնց տանից բերած կարմիր չարղաթը գցել էին գլխին և երեսը մինչև կուրծքը ծածկել։

Ոչ էլ մարդն էր տեսել նրա երեսը թե՛ աղջիկ և թե՛ նորահարս ժամանակը։ Ինքը գյուղից հեռու գոմերում տավար պահելիս՝ իրան նշան էին դրել։ Մեկ օր գալիս է տուն հաց տանելու, այստեղ իմանում է, որ իրան նշան են դրել։ Շատ նեղանում, բարկանում է, և իբր թե խռովելով՝ հացի պարկն առնում է շալակը և մինչև գոմերը մի շնչում վազում, որ մի րոպե առաջ իմաց տա ընկերներին իր սրտի ուրախության անչափությունը։ Նրան մի աղջիկ էր պետք, և բարեգութ ծնողքը հոգացել էին այդ մասին, թեև տղայի մայրը ավելի իր համար էր ուզել, որ մի օգնական ունենա, հարսի տեր դառնա, տունն ավելող, ջուրը բերող, լվացքն անող, խմորը հունցող, թխող ունենա։

— Ախչի, ասում են Մարկոսն ասել է՝ Նախշուն ջան, քեզ այնպես եմ սիրում, ինչպես Մեժլումը՝ Լեյլուն, Քյարամը՝ Ասլուն, Աբբասը՝ Գյուլգյազին, Խուրշուդը՝ Մեհրուն․․․ ես ինչ գիտեմ, ինչեր է ասել։ Սրա վրա՝ Նախշունն էլ թուլացել է ընկել վրան՝ թե՝ դու ես իմ բութան, իմ սրտի ազիզ սիրեկանը, երազումս միշտ քեզ եմ տեսնում, ծարավում եմ, դու ես ջուր տալիս, քաղցում եմ, դու ես հաց տալիս, մի ձեռումս վարդ, մեկէլումը մանիշակ, միշտ առաջս ես գալիս, ինքդ հոտ քաշում, հետո ինձ տալիս․․․

Այսպես ասում է, ասում քրքրված Նախշունը, հետո շլնքովն