Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինին։ Մի հանցանք չէր նրա գործածը, որ ամաչեր, գետինը մտներ, այլ սուրբ և անմահական մի Սեր։ Թո՛ղ Մարկոսը նրան չուզեր այլևս, Նախշունի համար դա միևնույն էր. նա իր մուրազին հասել էր. նրա վրա սերը տարածել էր իր հովանավորող թևերը, որոնց տակ նա իրան ապահով և երջանիկ էր զգում, ուրիշ բանի ցանկություն չուներ։ Նա Մարկոսի պես բանից չէր ընկել, ընդհակառակն, ավելի էր թև առել, թռչում, ինչ որ առաջ մի օրումն էր կատարում, նույնը հիմա մի ժամումն էր վերջացնում. առաջ մի շաբթում հազիվ էր գործում մի ջուխտ նախշուն գուլպա, հիմա մեկ օրումն էր գործում, այսպես և մյուս բաներն էր կատարում արագ-արագ։ Միևնույն սերը մեկին տվել էր դանդաղություն, մյուսին՝ արագություն, մեկին ծանրախոհություն և ծանրաշարժություն, մյուսին՝ դյուրազգացություն և դյուրաշարժություն...


6

Ապրիլ ամիսն էր, արևի քաղցր ժամանակը։ Նոր էր ուտիսացել, մարդկանց փակ բերանը բացվել, տավարների քաղցած փորը կշտացել, որովհետև մեծ պասին եթե մարդիկը պաս են պահում, տավարները խոմ թե՛ պաս և թե՛ ծում են պահում, կապած լինելով չոր դարմանի վրա, որից այնքան էլ չեն տալիս, որ փորները նյութ ընկնի։ Ապրիլն ապրեցնում էր թե՛ մեկոնց և թե՛ մեկէլոնց՝ ամենքին իրանց հարմար սնունդը տալով։

Կանաչել էր դուռ ու տանիք, իսկ բաղ ու բաղչեքը, դաշտ ու ձորերը, էլ ի՛նչ ասել կուզի, զարդարվել էին հազար ու մի տեսակ կանաչով ու ծաղկով։ Թեպետ դաշտային ծաղիկները դեռ ամենքը չէին բաց արել իրանց սիրունիկ աչիկները, բայց ծառ չկար, որ ծաղկած չլիներ, ո՛րը դեղին, ո՛րը սպիտակ, ո՛րը կարմիր, ո՛րը կապույտ, ո՛րը դեղնասպիտակ, ո՛րը կարմրակապույտ և իրանց անուշ հոտովն ու քաղցր բուրմունքովը սար ու ձոր լցրել, իրանց գեղածիծաղ տեսքովը մարդկանց սիրտը փառավորել։

Գարնան ամեն մի բույսը, ամեն մի ծաղիկը մարդի երեսին ժպտում, ծիծաղում է, կարծես նրանցից ամեն մեկը ինքն