Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նշ ասեմ, մատաղ։

— Ես ի՞նչ գիտեմ, ինչ որ միշտ ասում էիր...

— Ի՞նչ էի ասում։

— Ես ի՞նչ գիտեմ, լավ-լավ բաներ էիր ասում։

— Լավ-լավ բաներ շատ եմ ասել, հիմա ո՞րն ես ուզում, որ ասեմ։

— Ես ի՞նչ գիտեմ, միայն մեկն ասես, հերիք է։

— Այդ ո՞ր մեկն է, դե միտս գցիր, ասեմ։

— Ես ի՞նչ գիտեմ, մտիցս ընկել...

— Ա՜յ սատանա՜... Լավ էլ միտդ է, բայց չես ասում։ Դու հիմա այն վաղվան աղջիկն ես դառել, որ ասել է՝ «ինչի՞ իշազնիցը չեք խոսում»... Մեկ անգամ ասա ու պրծիր, էլ ի՞նչ ես կակազում։

— Դե որ գիտես, էլ ես ի՞նչ ասեմ։

— Իհարկե, գիտեմ։ Բայց ինչքան որ ես եմ աղաչանք արել քեզ, մի այնքան էլ հիմա դու ինձ աղաչանք արա, որ բանը գլուխ բերեմ։

— Ինչպե՞ս աղաչանք անեմ, ի՞նչ անեմ։ Դե լսի՛ր, ցավդ տանեմ, ղադե՛դ առնեմ, մոքի՛ր ջան...

— Սո՛ւս, սո՛ւս, սո՛ւս... այդ ի՞նչ ես անում. ես պիտի քո ցավը տանեմ, ղադեդ առնեմ, գլխովդ պտիտ գամ, չարդ տանեմ... Ուզո՞ւմ ես հենց էսօրևեթ գնամ նշան տամ, ասեմ էլ, որ պատրաստվեն, համբարձմանին հարսանիք անենք։

— Դո՛ւ գիտես, ինչ անում ես՝ արա, միայն շուտ արա. էլ ձեռս բանի չի կպչում, մենք հազար ու մի բան ունենք անելու...

Այսպես ահա մեր Մարկոսը նշանվեց էլ, հարսանիք էլ արավ և հասան իրանց մուրազին։

8

Ադամն ու Եվան եդեմական դրախտի մեջ այնքան երջանիկ չէին, որքան մեր նորապսակները իրանց սիրո մեջ։ Անցավ մեկ տարի, երկու տարի, բայց մեր նորահարսների մեղրալուսինը մազի չափ չէր պակասեցնում իր մշտական քաղցրությունը։ Օրեցօր սաստկանում էր նրանց սերը, օրեցօր ավելանում։